Թվում էր, թե Յուան անունով հայտնի տղամարդը երբեք չի կարողանա ոչ մի քայլ անել, չէ՞ որ նրա հինգ ողերը հեռացրել են: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաների ու եռաչափ տպագրության շնորհիվ նա կկարողանա քայլել ու վերադառնալ նորմալ կյանքին:
Ոչ այդքան վաղուց պարոն Յուանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ագրեսիվ ուռուցք: Բժիշկները ստիպված են եղել հեռացնել թե բուն նորագոյացությունը, թե վնասված ողնաշարի մի մասը: Նրա կյանքը այսպիսով փրկվել է, բայց նա այլեւ չէր կարողանում քայլել ու մշտապես ուժեղ ցավեր էր զգում
Beijing Third University Hospital-ի բժիշկները որոշել են վերականգնել հիվանդի շարժունակությունը եռաչափ տպագրության օգնությամբ՝ նրանք տպագրել են 19 սմ երկարությամբ տիտանի իմպլանտատ, որով կարողացել են փոխարինել հինգ հեռացված ողերը: Օրթոպեդ վիրաբույժ Լյու Չժոնձյունը բացատրել է, որ նման իմպլանտատը կարող է լինել ցանկացած երկարության ու ձեւի: Այս իմպլանտը պատրաստվել է հատուկ պարոն Յուանի համար ու համապատասխանում էր նրա պահանջներին: Բժիշկներին վստահ են, որ իմպլանտի տեղադրումից հետո Յուանի ոսկորները կսկսեն աճել ու կծածկեն այն՝ գոյացնելով նոր ողեր, իսկ բուն իմպլանտը ժամանակի ընթացքում կսկսի քայքայվել:
Տիտանային իմպլանտանտի տեղադրման վիրահատությունը 6 ժամ է տեւել: Բժիշկների խոսքով վիրահատությունը հաջող է անցել, ու հիմա հիվանդը վերականգնվում է՝ ցավերը թուլացել են, ու պրոթեզը տեղադրելուց հետո արդեն մի քանի օր անց Յուանը արել է քայլելու առաջին փորձերը:
Հիշեցնենք, որ սա եռաչափ տպագրության միջոցով ստեղծված տիտանային իմպլանտատների տեղադրման առաջին դեպքը չէ: 2014-ին չինացի վիրաբույժները արդեն տիտանայի ողեր են տեղադրել մի 12-ամյա տղայի: Նա դարձել է առաջին հիվանդը, որին նման վիրահատություն են արել: Հայտնի է նաեւ տիտանային ծնոտների, ծնկի հոդերի ու դաստակի ոսկորի իմպլանտների մասին, որոնք տեղադրվել են հիվանդներին տարբեր երկրներում:






