Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներքին քնային զարկերակների միաժամանակյա երկկողմանի էնդարտերէկտոմիա է կատարվել: էնդարտերէկտոմիան ստանդարտ վիրահատություն է՝ քներակների նեղացման դեպքում ուղեղի կաթվածը կանխելու համար, սակայն միաժամանակ երկու քնային զարկերակների վիրահատություն հազվադեպ է կատարվում:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Պարանոցի անոթների եւ սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար Մեսրոպ Շատախյանը նշեց, որ անոթները սովորաբար հերթով են վիրահատում, մեկ ամսվա ընթացքում՝ սկսելով առավել վտանգ ներկայացնողից:

Բայց այս անգամ կլինիկա դիմած 62-ամյա հիվանդի վիճակը բարդ էր. մի կողմից անոթը փակված էր 92%-ով, մյուս կողմից՝ 75-80%-ով: Նա արդեն երկու ուղեղի կաթված էր ունեցել, խոսակցական ապարատի խնդիր ուներ, ձախակողմյան շարժունակության խախտում: Բայց հետաքրքիրն այն էր, որ վերջին կաթվածը նա տարել էր այն կողմից, որտեղ քներակի նեղացումն ավելի քիչ էր։ «Ճիշտ չէր վիրահատել այդ կողմը եւ թողնել մյուսը, որն ուղղակի մազից էր կախված: Եվ մենք որոշեցինք երկու քնային զարկերակները միաժամանակ վիրահատել»,- պարզաբանեց բժիշկը:

Ըստ Մեսրոպ Շատախյանի, վիրահատության ընթացքում երկու կողմից ներլուսանցքային շունտ է օգտագործվել, որպեսզի դեպի ուղեղ արյան հոսքը չդադարի:

Վիրաբույժի խոսքով, շունտի օգտագործումը դժվարացնում է քնային զարկերակների մաքրման, ինչպես նաեւ անոթները կարելու գործը: Բայց երբ հիվանդի գլխուղեղի արյան սնուցումը խախտվում է, նման շունտի օգտագործումն անհրաժեշտ է՝ վիրահատության ընթացքում ուղեղի հետ կապված բարդություններից խուսափելու համար: Միաժամանակ, այդ դեպքում բժիշկը սահմանափակված չէ վիրահատության տեւողության հարցում:

Վիրահատությունը 4.5-5 ժամ է տեւել, ընդհանուր անզգայացմամբ (միակողմանի էնդարտերէկտոմիան հաճախ տեղային անզգայացմամբ է արվում): Երկու օր անց հիվանդն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Կադրեր վիրահատությունից