12-ամյա Հարուն Պատելը քթից զրկվել է գյուղական բուժակների մեղքով: Այսօր հնդիկ պլաստիկ վիրաբույժները նրա համար նոր քիթ են աճեցրել հենց նրա ճակատին: 

Մանուկ հասակում Հարունը ծանր վարակի է բախվել, դրա բուժմամբ զբաղվել են գյուղական «բժիշկները», որոնք իհարկե բժշկական կրթություն չունեին: Նրանք սկսել են երեխային ինչ-որ խոտաբույսերից դեղերով ներարկումներ անել, որոնք հանգեցրել են հյուսվածքների մեռուկացման: Արդյունքում երեխան ուղղակի զրկվել է քթից, ինչը տղային տարեկիցների   քմծիծաղների եւ հալածանքի առարկա է դարձրել: 

Սակայն վերջերս պլաստիկ վիրաբույժները կարողացել են քթի բացառիկ վերականգնում իրականացնել` նրա համար ճակատին նոր քիթ աճեցնելով: 

Նախ վիրաբույժները երեխայի ճակատի մաշկի տակ հատուկ քիմիական նյութ են մտցրել` խթանելու այն հյուսվածքների աճի ավելացումը, որոնք անհրաժեշտ էին նոր քթի ստեղծման համար:  Հետո կռճիկ են վերցրել տղայի կրծքավանդակի ստորին մասից, ինչի հիման վրա ապագա քթի համար հիմնակմախք է ստեղծվել: Ճակատին հյուսվածքների աճը երեք ամիս է տեւել, դրանց հրաշալիորեն արյուն է մատակարարվել, ինչը նպաստել է նորմալ զարգացմանը: 

Հետո մասնագետները ճակատից հեռացրել են աճեցված հյուսվածքները եւ դրանք տեղադրել են քթի տեղում: Վերջապես, ավարտական փուլում պլաստիկ վիրաբույժները ջանացել են երեխայի ճակատից առավելագույնս մաքրել հյուսվածքների վերացման հետքերը: Մոտ ժամանակներս նրանք մանրազնին կհետեւեն նոր քթին այն դեպքի համար, եթե շտկող վիրահատությունների կարիք լինի: 

Հնդիկ վիրաբույժները որոշել են քթի վիրահատությունն անել, երբ կարդացել են Չինաստանում նմանատիպ դեպքի մասին: Տղան աղքատ ընտանիքից է, այդ պատճառով մեկ տարի տեւած ամբողջ բուժումը անվճար է կատարվել: