Շոտլանդացի վիրաբույժները երիտասարդ հիվանդին փոխպատվաստել են 107-ամյա մեռած կնոջ եղջերաթաղանթը, որը երկրում օրգանի ամենատարեց դոնորն է դարձել: Այդ վիրահատությունը հնարավորություն է տվել պահպանել հիվանդի տեսողությունը, որի անունը չի հաղորդվում: 

Եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատությունները թույլ են տալիս պահպանել տեսողությունը. փոխպատվաստված եղջերաթաղանթների մոտ  93 տոկոսը շարունակում է գործել վիրահատությունից երկու տարի անց եւ տրանսպլանտատների մոտավորապես 74 տոկոսը գործում է վիրահատությունից դեռեւս հինգ տարի անց:

Փոխպատվաստումը տեղի է ունեցել WeNeedEverybody արշավի շրջանակում, որն ուղղված է օրգանների դոնորության մասին առասպելների բացահայտմանը: Մասնավորապես, կարծիք է տարածված, թե տարեց մարդիկ չեն կարող դոնոր դառնալ: Իրականում, օրինակ, երիկամների դոնոր կարող են դառնալ նաեւ   80 տարեկան մարդիկ, իսկ նրանց երիկամները մեկ տասնամյակից ավելի երկար կգործեն: 

Մասնագետները նախատեսում են շարունակել պոտենցիալ դոնորների ներգրավման եւ օրգանների փոխպատվաստման մասին առասպելների ոչնչացման արշավը: Դա այսօր շատ այժմեական է, չէ որ փոխպատվաստման սպասող մարդիկ շատ են, իսկ դոնորական օրգաններն ուղղակի չեն հերիքում: 

Դոնորական եղջերաթաղանթների պակասի խնդրի մեկ այլ լուծում կարող է դառնալ խոզերից դրանց փոխպատվաստումը: Նման վիրահատության է դիմել Չինաստանի բնակիչը, որը սկսել է տեսողությունը կորցնել աչքն ընկած միջատի պատճառով սկսված վարակի հետեւանքով: Հետազոտողները պարզել են, որ խոզի եղջերաթաղանթը կարող է փոխպատվաստման համար օպտիմալ օրգան լինել. ամեն դեպքում այն գերադասելի է կովերի, շների եւ այծերի եղջերաթաղանթից:  Տեսողությունը սկսել է վերադառնալ անսովոր փոխպատվաստումից օրեր անց, սակայն առայժմ հայտնի չէ, թե դա ինչ երկարաժամկետ հետեւանքներ կունենա: