Էբոլայի, գրիպի, տոքսոպլազմոզի եւ այլ հիվանդությունների դեմ ծրագրավորվող ՌՆԹ պատվաստանյութերը հնարավոր կլինի ստեղծել ընդամենը մեկ շաբաթում, պնդում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները: 

Նման պատվաստանյութի հիմքում մՌՆԹ-ն է, որը կոդավորում է այս կամ այն վիրուսային կամ բակտերիական սպիտակուցը: ՌՆԹ-ն հատուկ եղանակով փաթեթավորվում է, հետո մտցվում է բջջի ներսը, որտեղ գործարկվում է փոխանցման գործընթացը, որը իմունային պատասխանի զարգացում հրահրող սպիտակուցներ է սինթեզում: 

Հետազոտողները ենթադրում են, որ այդ եղանակով հնարավոր է ոչ միայն վարակիչ հիվանդություններից պաշտպանող պատվաստանյութեր ստեղծել, այլեւ հակաուռուցքային պատվաստանյութեր: 

Չնայած այն բանին, որ ՌՆԹ պատվաստանյութերի ստեղծման գաղափարը գիտնականների մոտ բավականին վաղուց էր հայտնվել, ավելի քան երեք  տասնամյակ է պահանջվել դրանք ստեղծելու համար: ՌՆԹ-ն փաթեթավորել են դենդրիմերային նանոմասնիկի մեջ. դա հնարավորություն է տվել երկարաձգել մոլեկուլի կյանքի տեւողությունը:  Գնդաձեւ մասնիկներ փաթաթելու կարողություն ունեցող ճյուղավոր դենդրիմերների պատրաստման համար հետազոտողները պոլիէթիլենգլիկոլ եւ պոլիամիններ են օգտագործել: Նանոմասնիկները ներթափանցել են բջիջների ներսը եւ արտազատել են իրենց պարունակած ՌՆԹ-ն: 

Գիտնականներն այդ եղանակով ստեղծված պատվաստանյութերն արդեն լիովին հաջող փորձարկել են մկների վրա` ներմկանային ներարկումների միջոցով: Արդյունքում կրծողների մոտ իմունիտետ է զարգացել եւ նրանց օրգանիզմն իսկական պաթոգենների ներմուծումից հետո հաջողությամբ պայքարել է վարակի դեմ:  

Վերոհիշյալ կենտրոնից Դենիել Անդերսոնը նշել է, որ նման պատվաստանյութի ստեղծումը յոթ օրից ավել չի տեւում, իսկ դա նշանակում է, որ հնարավոր կլինի հիվանդներին ժամանակին արդյունավետ օգնություն տրամադրել: