Մասնագետների կարծիքները, թե որքան հաճախ եւ օրվա որ ժամին է պետք լողացնել փոքրիկին, սովորաբար տարբեր են. ոմանք կարծում են, որ նորածիններին պետք է շատ հաճախ լողացնել, մյուսների կարծիքով՝ հաճախ լողացնելը վնասակար է: Փորձենք հասկանալ՝ ամեն դեպքում, որքան հաճախ է պետք լողացնել փոքրիկներին, օրվա որ ժամին եւ ինչ լվացող միջոցներով:

Որքա՞ն հաճախ է պետք լողացնել նորածնին

Մանկաբույժ Զոհրապ Խանիկյանցը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ ամռանը երեխաներին պետք է լողացնել օրական երկու անգամ, իսկ ձմռանը՝ գոնե շաբաթական 3 անգամ:

Փոքրիկներին այսքան հաճախ են լողացնում ոչ այն պատճառով, որ նրանք կեղտոտ են, այլ որովհետեւ շատ երեխաներ լողանալուց հետո հանգստանում են, թուլանում եւ ավելի լավ են քնում: Բացի դրանից՝ շատ մասնագետներ վստահ են, որ լողացնելը կոփում է երեխաներին եւ օգնում ավելի արագ զարգանալ:

Ինչ վերաբերում է լոգանքի տեւողությանը՝ սովորաբար երեխաներին լողացնում են մոտ 10 րոպե: Եթե երեխային դուր չի գալիս լոգանքը, կարելի է կրճատել դրա տեւողությունը, իսկ եթե նա ակնհայտորեն հաճույք է ստանում լողանալուց, նրան կարելի է ջրի մեջ թողնել 30 րոպե, եթե, իհարկե, տանը ցուրտ չէ:

Ե՞րբ է ավելի լավ լողացնել փոքրիկին

Շատ մասնագետների կարծիքով՝ ավելի լավ է՝ երեխաներին երեկոյան լողացնել վերը նշված պատճառով՝ լոգանքից հետո երեխաները սովորաբար ավելի լավ են քնում: Սակայն կան երեխաներ, որոնք լոգանքից հետո գրգռվում են, եւ սկսում նյարդայնանալ, այդպիսի երեխաներին, բնականաբար, ցանկալի է ցերեկը լողացնել:

Ի՞նչ միջոցներ է պետք օգտագործել փոքրիկներին լողացնելիս

Այսօր շուկան պարզապես ողողված է մանկական հիգիենայի տարատեսակ միջոցներով, ծնողների համար շատ դժվար է կողմնորոշվել եւ իրենց երեխայի լոգանքի ճիշտ միջոց ընտրել, առավել եւս, որ հարցը՝ ընդհանրապես պետք է օճառ օգտագործել, թե ոչ, դեռ անպատասխան է:

Շատ մանկաբույժներ պնդում են, որ երեխաներին պետք է լողացնել սովորական մաքուր ջրով, իսկ լվացող միջոցներ օգտագործել շաբաթական 1-2 անգամից ոչ հաճախ: Ինչ վերաբերում է մանկական շամպունին՝ խորհուրդ է տրվում այն սկսել օգտագործել 3-6 ամսեկանից եւ նույնպես շաբաթական մեկ անգամից ոչ հաճախ:

Լավ օճառ կամ շամպուն գնելու հարցը մի քիչ ավելի բարդ է: Բանն այն է, որ մի կողմից՝ հայտնի արտադրողի հատուկ երեխաների համար պատրաստված ցանկացած միջոց հարմար կլինի, բայց մյուս կողմից՝ երեխան կարող է ալերգիա ունենալ ցանկացած, նույնիսկ ամենաթանկարժեք եւ լավագույն միջոցի նկատմամբ: Ուստի մանկաբույժները խորհուրդ են տալիս կենտրոնանալ փոքրիկի օրգանիզմի արձագանքի վրա եւ ընտրել այն միջոցները, որոնք ալերգիա չեն առաջացնում եւ մաշկը չեն չորացնում: