27-ամյա Այվի Դենիելսը, որը շաքարախտով էր տառապում, ամբողջ 5 րոպե պաշտոնապես համարվում էր մահացած այն բանից հետո, երբ նա կոմայի մեջ էր ընկել, իսկ կոմայից դուրս գալուց հետո հայտնաբերել էր, որ իր ոտքը կտրել են։

Այս տարվա հունվարի 8-ին Այվիի մոտ 1-ին կարգի շաքարախտի պատճառով հիպոգլիկեմիկ կոմա եւ սրտի կանգ էր տեղի ունեցել։ Բարեբախտաբար այդ պահին նրա 28-ամյա ընկեր  Ջոնաթան Դիասը նրա կողքին էր, որը նրան առանց կենդանության նշանների ընկած էր գտել իր սենյակի հատակին։ Տղան անմիջապես շտապօգնություն էր կանչել եւ փորձել էր առաջին օգնություն ցուցաբերել՝ կատարելով սրտի մերսում եւ տալով արհեստական շնչառություն։

Հիվանդանոցում բժիշկները հայտնաբերել էին, որ աղջկա աջ ոտքում առաջացել է թրոմբ, իսկ  երկու օր հետո ոտքը սկսել էր սեւանալ, եւ վիրաբույժներին այլ բան չէր մնում,  քան կտրել աղջկա ոտքը՝ ծնկից քիչ ներքեւ։ Քանի որ աղջիկը դեռեւս գտնվում էր հիպոգլիկեմիկ կոմայի մեջ, նրա ոտքը կտրելու համաձայնություն էին տվել նրա բարեկամները։ Արթնանալով եւ տեսնելով, որ ոտքը չկա՝ Այվին սարսափից բղավել էր։

Այսօր Այվին օգտվում է հատուկ պրոթեզից, որի շնորհիվ նա կարողանում է քայլել եւ զբաղվել սպորտով։

«Ես կլինիկական մահ ապրեցի, – պատմում է աղջիկը, – 5 րոպե ես պաշտոնապես համարվում էի մահացած, սակայն կարողացա վերակենդանանալ եւ ապացուցել, որ ես սուպեր-մարդ եմ։ Շատ հաշմանդամներ ատում են իրենց պրոթեզները, սակայն ես իմը սիրում եմ։ Այնպիսի տպավորություն է, կարծես ես այժմ մասամբ մարդ եմ, մասամբ տերմինատոր։ Եվ դա հետաքրքիր է», – ասում է նա։

Նշենք, որ Այվին դեռ մանկուց ստիպված էր հաղթահարել առողջական խնդիրները։ Նա լույս աշխարհ էր եկել Բեկվիթ–Վիդեմանի ախտանիշով, որն իրենից ներկայացնում է աճի խանգարում, որի հետևանքով նրա ձախ ոտքը մի փոքր ավելի երկար է եղել աջից, այնպես որ Այվին ստիպված էր քայլել ձեռնափայտով։ Այդ շեղման պատճառով նրա կուրծքը եւս սիմետրիկ չէր, եւ 14 տարեկանում վիրահատության կարիք է եղել։ Մանուկ հասակում՝ 3,5 եւ 7 տարեկանում, նրա մոտ երեք անգամ հայտնաբերվել էին Ուիլմսի ուռուցքներ՝ երիկամի ուռուցքի տարատեսակ։ 21 ամիս նա քիմիոթերապիա էր ստանում։ Իսկ 1-ին կարգի շաքարախտի պատճառով աղջիկը 14 տարեկանից կախում ուներ ինսուլինից։