Սեքսից, ինսեմինացիայի կամ ԱՄԲ-ի պրոցեդուրայից հետո վեր բարձրացված ոտքերով թիկունքին պառկելն անիմաստ է. դա բոլորովին չի օգնում հղիանալուն, պնդում են գիտնականները:
Հետաքրքիր է, որ այն միտքը, թե կնոջ հաջող բեղմնավորման համար անհրաժեշտ է անշարժ պառկել, տարածված է աշխարհի շատ երկրներում: Օրինակ, Մեծ Բրիտանիայում կանանց խորհուրդ են տալիս սեռական ակտից անմիջապես հետո անշարժ պառկել եւ «մտածել Անգլիայի մասին»: Համարվում է, որ սպերմատոզոիդների համար ավելի հեշտ կլինի այդ եղանակով հասնել ձվաբջջին եւ բեղմնավորել այն:
Սակայն Մարդու վերարտադրության եւ սաղմնաբանության եվրոպական ընկերակցության ամենամյա նիստին գիտնականները հայտնել են, որ բեղմնավորման հաջողությունը կախված չէ սեքսում դիրքից, ոչ էլ դրանից հետո պառկելուց:
Դրանում համոզվելու համար հետազոտողները գրեթե 500 կնոջ են ներգրավել, որոնք փորձում էին հղիանալ: Նրանց կեսը անկողնում անշարժ է մնացել սեռական ակտի ավարտից հետո 15 րոպե: Արդյունքում հաջող հղիությունների գործակիցը երկու խմբում էլ մոտավորապես նույնն է եղել:
Ավելին, ինսեմինացիայի պրոցեդուրայից հետո վեր բարձրացված ոտքերով պառկող կանանց 32 տոկոսը եւ 43 տոկոսը նրանց, որոնք անմիջապես վեր են կացել եւ զբաղվել են իրենց գործերով, կարողացել է հղիանալ:
Այդ կապակցությամբ հետազոտության հեղինակները կանանց խորհուրդ են տալիս հրաժարվել սեքսից հետո թիկունքին երկար պառկելու փորձերից: Այդ փորձերը ոչ միայն անիմաստ են, այլեւ զուգընկերներին զրկում են սեքսի հաճույքից, իսկ դա հուզական եւ հոգեբանական լուրջ խնդիրներ կարող է ստեղծել, որովհետեւ ինտիմ կյանքից բավարարվածությունից է հաճախ կախված ընտանեկան երջանկությունը:






