«Նաիրի» ակնաբուժական կենտրոնում կիրառվում են Հայաստանի համար մի քանի հազվագյուտ մեթոդաբանություններ, որոնք հնարավորություն են տալիս գլաուկոմա հիվանդությունն ախտորոշել վաղ փուլում, ինչպես նաեւ, առանց վիրահատական միջամտության բուժել աչքի ցանցաթաղանթի շերտազատումը: Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցին պատմել է Կենտրոնի ակնաբույժ Սոֆյա Կասյանը:
Նրա խոսքով, Կենտրոնը հագեցած է աչքի հիվանդությունների ախտորոշման ու բուժման ամենաարդիական ու անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Կենտրոնում տրամադրվում են ակնաբուժական բոլոր ծառայությունները՝ ռեֆրակցիոն ու կատարակտային վիրաբուժություն, ցանցաթաղանթի ու ապակենման մարմնի հիվանդությունների, գլաուկոմայի բուժում, աչքի աճակից ապարատի հիվանդությունների վիրաբուժություն: Ընդ որում, այդ ամենն արվում է նաեւ լազերի կիրառմամբ: Բժիշկն առանձնացնում է կենտրոնի երեք հիմնական առանձնահատկություն:
Նախ, յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ կիրառվում է անհատական մոտեցում՝ կատարվում է մանրակրկիտ հետազոտություն` ճշգրիտ ախտորոշման համար:
Երկրորդ, այստեղ կիրառվում է գլաուկոմայի ախտորոշման ու բուժման նոր մեթոդ, որը մշակել է Մոսկվայի Աչքի հիվանդությունների Գիտահետազոտական Ինստիտուտը, որի հովանավորությամբ էլ հենց «Նաիրի» ԲԿ-ում բացվել է Ակնաբուժության կենտրոնը: Խոսքը ներաչքային ճնշման (ՆԱՃ) անհատական նորմայի որոշման մասին է: Այն կատարվում է ֆլոումետր կոչվող սարքով, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հիվանդի համար որոշել ներաչքային այն ճնշումը, որի դեպքում նրա տեսողական նյարդը չի վնասվի:
Այդ հետազոտությունն օգնում է գլաուկոման ախտորոշել ամենավաղ փուլերում, երբ հիվանդությունը, մեծամասամբ, զարգանում է անախտանիշ եւ դեպքերի 30-40 տոկոսում ՆԱՃ-ը լինում է միջին վիճակագրական նորմայի սահմանում: Բացի ճշգրիտ ախտորոշումը, այս հետազոտությունը նաեւ գլաուկոմայի արդյունավետ բուժման հնարավորություն է տալիս:
«Նաիրի» ակնաբուժական կենտրոնի երրորդ առանձնահատկությունն այն է, որ կլինիկայում կիրառվում է աչքի ցանցաթաղանթի ռեգմատոգեն շերտազատման բուժման մեթոդ` պնեւմոռետինոպեկսիայի օգնությամբ:
Ակնաբույժը պարզաբանում է. կատարվում է աչքի ինտրավիտրեալ ներարկում, որին հաջորդում է ցանցաթաղանթի լազերկոագուլյացիան: Այս մեթոդաբանությունը, բժշկի խոսքով, մի շարք առավելություններ ունի՝ նվազագույն ինվազիվություն, քիչ ցավ, միջամտությունն առանց ընդհանուր անզգայացման է, տեսողությունը վերականգնվում է ավելի արագ, հետվիրահատական բարդություններն ավելի քիչ են, իսկ գործողությունը թանկարժեք չէ: Սոֆյա Կասյանի խոսքով, պնեւմոռետինոպեկսիայի արդյունավետությունը բավական բարձր է՝ ավելի քան 80 տոկոս:
[gallery id=68]






