Բնակչությանն առողջ պահելուն ուղղված ծրագրերի շրջանակում մեր երկրում 2015թ. սկզբից մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրով «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից անցած տարի իրականացվել է շուրջ 697 հազար սկրինինգային հետազոտություն: ՊԱՊ թեստի հետազոտության արդյունքներով շուրջ 6.5% դեպքերում արձանագրվել են բջջաբանական տարբեր աստիճանի  շեղումներ։ Շաքարային դիաբետի սկրինինգի արդյունքներով  նորմայից շեղումները կազմել են շուրջ 7.4%, իսկ զարկերակային գերճնշման սկրինինգի արդյունքում` շուրջ 9.0%: Այն քաղաքացիները, որոնց մոտ նորմայից շեղումներ են հայտնաբերվել, ընդգրկվել են ռիսկային խմբերում` վերջնական ախտորոշման հաստատման նպատակով:  

2016թ. հունվար-մայիս ամիսներին կանանց շրջանում իրականացվել է 18,870 ՊԱՊ թեստի հետազոտություն: Նույն ժամանակահատվածում 53,372  քաղաքացու մոտ կատարվել է արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն,   79,751 քաղաքացի անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ։ Բացի այդ, 36-38 շաբաթական հղիություն ունեցող կանանց շրջանում իրականացվել է մեզի եւ արյան 5,782 երրորդ հետազոտություն:

Միաժամանակ, օգտագործելով գովազդի տարբեր հարթակներ, շարունակվում է ծրագրի հանրային իրազեկումը Երեւանի եւ մարզերի բնակչության շրջանում։

Նշենք նաեւ, որ ծրագրի նկատմամբ շարունակաբար մշտադիտարկում է իրականացվում:

«Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակում 2016թ. առաջին կիսամյակում Երեւանի եւ մարզերի 15 բժշկական կազմակերպություններ համալրվել են արգանդի պարանոցի նախաքաղցկեղային իրավիճակների վարման համար նախատեսված բժշկական եւ ախտորոշիչ սարքավորումներով:

Հիշեցնենք, որ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների` դիաբետի, հիպերթենզիայի եւ արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային այս  ծրագրում երեք տարվա ընթացքում կընդգրկվի  բնակչության խոցելի խմբերի 50-60 տոկոսը։

Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում  նաեւ ավարտել է «Առողջապահական համակարգի գործունեության գնահատում» եւ «Առողջապահության ազգային հաշիվներ» զեկույցների մշակման համար իրականացվող տնային տնտեսությունների հետազոտությունները:

2016 թվականի փետրվարի 6-ին շահագործման է հանձնվել Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նորակառույց շենքը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում  շահագործման են հանձնվել  նաեւ Արագածոտնի մարզի Բյուրական, Լոռու մարզի Ուռուտ, Վայոց ձորի մարզի Շատին, Արարատի մարզի Մխչյան եւ Լանջազատ համայնքների նորակառույց ամբուլատորիաները:

2016 թվականի հունիսից մեկնարկել են Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման շինարարական աշխատանքները:

Ավարտին են մոտենում ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման, այդ թվում` ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ու ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքները։ Միաժամանակ կենտրոնի բժիշկ-մասնագետները վերապատրաստվում են Գերմանիայի Դաշնության Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական կլինիկայում:        Երկրորդ կիսամյակում կմեկնարկեն Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի Ճառագայթային բուժման կենտրոնի, ինչպես նաեւ Սեւանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի կառուցման աշխատանքները: