Ամերիկացի գիտնականներն արդեն կարող են արյան հետազոտության միջոցով շատ մեծ ճշգրտությամբ կանխատեսել՝ առողջ մարդն առաջիկա 3 տարում Ալցհեյմերի հիվանդություն կամ նեյրոդեգեներատիվ խանգարումներ կունենա, թե ոչ: Այս մասին ասված է Nature Medicine ամսագրում հրապարակված հոդվածում:

«Հիվանդության հայտնաբերումը նախքան դրա վրա հասնելը մեզ դրա ընթացքին ժամանակին եւ ադեկվատ միջամտելու մեծ հնարավորություն է տալիս: Մեր գտած ազդանշանային մոլեկուլները, որոնք վկայում են հիվանդության առկայության մասին  նախքան դրա առաջին ախտանիշերի ի հայտ գալը, ծայրահեղ կարեւոր են Ալցհեյմերի հիվանդությունը զսպելու կոչված թերապիաների մշակման եւ կիրառման համար»,- ասում է Հովարդ Ֆեդերոֆը Վաշինգթոնի Ջորջթաունի համալսարանից (ԱՄՆ):

Ֆեդերոֆը եւ նրա գործընկերները 5 տարի փորձ են կատարել, որին մասնակցել է 70 տարեկան եւ մեծ ավելի քան 500 մարդ: Գիտնականները փորձի մասնակիցներից պարբերաբար արյան նմուշ են վերցրել եւ հետեւել՝ արդյոք նրանց օրգանիզմում նեյրոդեգեներատիվ խանգարումների նշաններ ի հայտ գալիս են, թե ոչ:

Ուսումնասիրությունների առաջին 3 տարիների ընթացքում բժիշկները բավարար տվյալներ են հավաքել՝ մտքի սովորական սրությունը պահպանած տարեց մարդկանց արյան բաղադրությունը համեմատելու համար այն մարդկանց արյան հետ, որոնք այդ ընթացքում հիվանդացել են Ացգեյմերի հիվանդությամբ: Դա նրանց հնարավորություն է տվել 10 ֆոսոֆլիպիդ՝ ֆոսֆորի եւ ճարպերի միացություններ առանձնացնել, որոնք միանշանակ կապվել են նեյրոդեգեներատիվ խանգարումների զարգացման հետ:

Հաջորդ երկու տարիներին հոդվածի հեղինակները փորձել են պարզել՝ արդյոք այդ միացությունները հանդիպում են մարդկանց արյան մեջ նախքան հիվանդության առաջին աշխտանիշերի ի հայտ գալը, թե ոչ, եւ դա երբ է տեղի ունենում: Պարզվել է, որ դրանց մեծ մասը հնարավոր է հայտնաբերել Ալցհեյմերի հիվանդության առաջանալուց դեռ 3 տարի առաջ: