Անցյալ դարի 90-ականներից ամբողջ աշխարհում ամուսնալուծությունների թիվը հետեւողականորեն աճում է: Ամուսնալուծության են հանգեցնում տարբեր պատճառներ, որոնցից որոշները այժմեական են աշխարհի յուրաքանչյուր անկյունում, իսկ մյուսները` ընդամենը մի քանի երկրում: Հայ զույգերի շրջանում ամուսնալուծությունների որոշ տարածված պատճառների մասին լրագրողներին պատմել է հոգեբան Սեդրակ Սեդրակյանը:
1. Ընտանիքի մասին հստակ պատկերացումների բացակայություն
Հոգեբանի խոսքով, եթե երիտասարդները հստակ պատկերացում չունեն այն մասին, թե ինչ է ընտանիքը եւ ինչ է իրենց սպասում հարսանիքից հետո, նրանց մոտ հաճախ հակամարտություններ են ի հայտ գալիս, որոնք ժամանակի հետ կարող են ամուսնալուծության հանգեցնել: Նույն բանը կարելի է ասել նաեւ մարդկանց անիրական ակնկալիքների մասին:
2. Դերային հակամարտություններ
Հոգեբանի խոսքով, ընտանիքը սոցիալական խումբ է, որի յուրաքանչյուր անդամ իր դերն ունի: Եթե տղամարդը եւ կինը չեն գիտակցում եւ չեն կատարում իրենց դերերը, եթե նրանք չեն լրացնում իրար, դա կարող է հակամարտությունների հանգեցնել:
3. Սեռական անհամատեղելիություն
Սեռական անհամատեղելիությունը հակամարտությունների եւ ամուսնալուծությունների եւս մի տարածված պատճառ է: Ճիշտ է, քչերն են այդ մասին բացահայտորեն խոստովանում: Միջին վիճակագրական կինը հազիվ թե խոստովանի, որ ամուսնալուծվում է, որովհետեւ անկողնում իրեն լավ չի զգում ամուսնու հետ, փոխարենը կասի, որ ամուսինը չի զբաղվում երեխաների հետ կամ անտարբեր է կամ էլ ցանկացած այլ պատճառ:
4. Ֆինանսական խնդիրներ
Ֆինանսական խնդիրները եւս սովորաբար բացասաբար են ազդում ընտանիքի վրա եւ կարող են ամուսնալուծությունների հանգեցնել: Սեդրակ Սեդրակյանը նշել է, որ հենց ֆինանսական խնդիրների պատճառով են որոշ տղամարդիկ մեկնում այլ երկրներում աշխատելու, ինչի արդյունքում ամուսինների միջեւ կապը թուլանում է եւ նրանցից յուրաքանչյուրը սկսում է ուրիշ մեկի հետ հանդիպել: Դա հաճախ ամուսնալուծության է հանգեցնում:
Որոշ դեպքերում, հոգեբանի խոսքով, ֆինանսական ծանր վիճակի պատճառով կինն ավելի շատ է աշխատում, քան ամուսինը, դա իր հերթին կարող է հարաբերություններում խնդիրների հանգեցնել. ամուսինը կարող է իրեն ճնշված, անլիարժեք զգալ, իսկ կինը` օրվա ընթացքում զբաղված լինելով, գնալով ավելի ու ավելի քիչ ուշադրություն կհատկացնի ընտանիքին: Այդ ամենը բոլորովին չի նպաստի ընտանիքի ամրապնդմանը եւ կարող է մի օր ամուսնալուծության հանգեցնել:






