Մի էկրանն առաստաղին է, մյուսը` կողքի պատին: Սենյակում ճիշտ լուսավորություն է ընտրված, իսկ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկը տեղադրված է եռոտանու վրա: Եթե այդ ամենի մեջտեղում բազկաթոռ չլիներ եւ դրա կողքին խողովակներից «դուրս չցցվեին» ատամնաբույժի` շատերին «սարսափեցնող» գործիքները, ատամնաբուժական այս կաբինետը հանգիստ կարելի էր նկարահանման տաղավարի հետ շփոթել:
«Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկ-ատամնաբույժ Էդուարդ Թոխունցն առաջարկում է փորձարկել բազկաթոռի հնարավորությունները: Նստում եմ եւ այն սահուն պտտվում է, բերելով ինձ հարմար դիրքի։ Միանում է առաստաղի էկրանն ու ինքս ինձ տեսնում եմ: Բժիշկը բացատրում է, որ այդ էկրանով հիվանդին ցույց են տալիս բերանի խոռոչը` այն ատամները, որոնք անհրաժեշտ է բուժել: Իսկ երկարատեւ միջամատությունների ընթացքում կարելի է տեսահոլովակներ, հաղորդումներ միացնել: Դա հատկապես օգնում է, երբ հիվանդները երեխաներ են:

Մյուս էկրանը ռենտգեն պատկերները տեսնելու համար է: Սրանք բոլորը Stern Weber ֆիրմայի ատամնաբուժական սարքավորման մասերն են: Այն նաեւ ջրի շրջանառության ինքնաբերական համակարգ ունի: Իսկ ինչի՞ համար է, այնուամենայնիվ, անհրաժեշտ ֆոտոխցիկը,- հետաքրքրվում եմ ես: Պարզվում է` լուսանկարները, վերցված չափերի հետ ուղարկում են տեխնիկին` կառույցներ պատրաստելու համար: Նա ըստ լուսանկարների է անում համաչափությունների հաշվարկը: Բժիշկը պատմում է, որ այս ատամնաբուժական սարքավորման մեջ ամեն ինչ հաշվարկված է, որպեսզի թե բժշկի, թե հիվանդի համար առավելագույն հարմարավետություն ապահովվի: Մեկ այլ առավելություն էլ դրանում տեղադրված BIOSTER համակարգն է, ինչի շնորհիվ սարքավորումը ինքնավարակազերծվում է` կանխարգելելով վարակների ներթափանցումը:
Բայց ատամնաբուժական հզոր սարքավորումն իր բոլոր հնարավորություններով դեռեւս հիվանդի համար որակյալ եւ անվտանգ ծառայությունների երաշխիք չէ: Այստեղ որոշիչ են մի շարք այլ գործոններ` համաճարակաբանություն, բժշկի հմտություններ եւ կարողություններ: Մասնավորապես, «Նաիրի» ԲԿ-ում օգտագործվող ծայրապանակները յուրաքանչյուր հիվանդից հետո մանրէազերծվում են ավտոկլավում, ինչպես արվում է վիրաբուժական գործիքների դեպքում: Կաբինետի` «Նաիրի» կլինիկայի ներսում գտնվելու առավելություններից մեկը ներհիվանդանոցային համաճարակաբանական ծառայությունն է, որը պատշաճ մակարդակով կազմակերպում է գործիքների մանրէազերծումը: Այդ նրբերանգները, Էդուարդ Թոխունցի խոսքով, թաքցված են հիվանդի աչքից:
Այնուհետեւ բժիշկը թվարկում է մի շարք սկզբունքներ, որոնց ինքը հետեւում է: Նախ` անհատական մոտեցում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ: Ատամնաբույժների համար, ասում է նա, թեեւ ավելի հեշտ է մի շարք ընդհանուր ստանդարտներ կիրառել, սակայն ինքը նախընտրում է անհատականացված սկզբունքով աշխատել:
Երկրորդ սկզբունքը հետեւյալն է: Այսօր որոշ միջամտությունների միանգամից մի քանի մասնագետ է մասնակցում, ինչպես, օրինակ, իմպլանտների տեղադրման դեպքում: Այս պարագայում աշխատանքի սկիզբը եւ վերջը պետք է մեկ բժիշկ անի: Այսինքն, պատասխանատվության փոխանցում չպետք է լինի, հիվանդը պետք է իմանա, որ եթե ինչ-որ բան սխալ գնա, նա պատասխան պետք է պահանջի կոնկրետ ատամնաբույժից:
Երրորդ սկզբունքը, ինչպես ասում է Էդուարդ Թոխունցը, ընթացակարգերին ճիշտ հետեւելն է: «Այդ ամենը գրված է, եւ երբ հետեւում ես դրան, նվազեցնում ես ռիսկերը», - ասում է նա: Ատամնաբույժի խոսքով, իրենց օժտվածությանը վստահ մասնագետները հաճախ շտկումներ են մտցնում ընթացակարգերի մեջ: Ընդ որում, որքան ավելի օժտված են համարում իրենց, այնքան շատ են շեղվում ընթացակարգերից: Երբեմն դա արդյունք է տալիս եւ բժշկության մեջ մեծ առաջընթաց է արձանագրվում: «Բայց եթե անկեղծ, դուք որպես հիվանդ համաձա՞յն եք, որ ձեզ վրա փորձարկումներ կատարեն: Ես համոզված եմ, որ ընթացակարգերին հետեւելը հիվանդի շահերից է բխում», - պնդում է նա:
Այնուհետեւ անդրադառնում ենք ստոմատոլոգիայի ժամանակակից ճյուղերից մեկին` իմպլանտոլոգիային: Թվում է, թե դա ատամների հետ կապված խնդիրներից ազատվելու թեկուզ եւ թանկարժեք, բայց վերջնական մեթոդ է: Բայց, բժշկի խոսքով, այն հիվանդին իսկապես կարող է ազատել ատամների հետ կապված բոլոր խնդիրներից, եթե ամեն ինչ արվել է գրագետ կազմված պլանով: Մինչդեռ նույնիսկ նվազագույն շեղումները խնդիրների են հանգեցնում: Իսկ բժիշկներն այդ դեպքում արդարանում են, ասելով, որ տվյալ դեպքում արվել է առավելագույնը: Այդ պատճառով Էդուարդ Թոխունցը կարծում է, որ բուժումը սկսելուց առաջ պետք է հիվանդից մանրամասն ճշտել նրա ակնկալիքները, բացատրել, թե դրանցից որոնք են իրատեսական:
«Կարծում եմ, որ անազնիվ եւ ոչ պրոֆեսիոնալ է հիվանդին ի սկզբանե տեղեկություններ չտալը: Մենք սովորել ենք խոսել բժշկի բարեխղճության, ազնվության մասին: Բայց բժշկությունը նաեւ պետք է ճշգրիտ գիտության ուրվագծեր ունենա, ոչ թե ընդամենը հիմնվի բժշկի բարեխղճության վրա: Եթե դուք, որպես պրոֆեսիոնալ, կարող եք կռահել հնարավոր հետեւանքները, դուք, կրկին որպես պրոֆեսիոնալ, պետք է զգուշացնեք հիվանդին», – ասում է Էդուարդ Թոխունցը։ Ըստ բժշկի, ատամնաբուժությունն ընդհանուր բժշկությունից տարբերվում է նրանով, որ այստեղ կա հիվանդի այցելությունների պարբերականություն: Ըստ այդմ, այն ավելի մոտ է ամենօրյա ծառայություններին, քան բժշկությանը: Եվ շատ բան, որակից բացի, կախված է նրանից, թե բժիշկը որքանով է վստահություն ձեռք բերել եւ ինչ տպավորություն է թողել հիվանդների վրա:






