Իրենց հարաբերություններում ճգնաժամի հանդիպող մի շարք զույգեր որոշում են երեխա ունենալ՝ հույս ունենալով, որ դա կօգնի լուծել իրենց խնդիրները: Արդյոք հնարավոր է երեխայի ծնունդը իսկապես ամրապնդի ընտանիքը եւ կանխարգելի բաժանումը: Այս մասին իր կարծիքն է հայտնել հոգեբան Սեդրակ Սեդրակյանը:
Մասնագետների խոսքով՝ երեխայի ծնունդը շատ բան է փոխում ամուսինների կյանքում, սակայն հատկապես որ ուղղությամբ՝ կախված է առաջին հերթին անձամբ ամուսիններից: Որոշ ընտանիքներում՝ հատկապես հայկական, որտեղ երեխաներին շատ են սիրում եւ գնահատում, երեխայի ծնունդը իսկապես օգնում է ամրապնդել ամուսնական կապերը եւ փոխում է վերջիններիս կյանքը դեպի լավը: Իրենց երեխաներին սիրող եւ երեխայի դաստիարակությամբ միասին զբաղվող զույգերը ավելի հազվադեպ են բաժանվում, քան երեխա չունեցողները:
Սակայն պետք չէ մոռանալ նաեւ, որ երեխաների ծնունդը բերում է նոր խնդիրներ, որոնք նախկինում ամուսինները չեն ունեցել: Այդ խնդիրները որոշ զույգերի կարող է ոչ թե ամրացնել, այլ ընդհակառակը բերել բաժանման: Հատկապես նման դեպքեր հանդիպում են այն զույգերի մոտ, որոնք հոգեպես պատրաստ չեն եղել երեխայի ծննդյանը եւ իրական պատկերացում չեն ունեցել, թե ինչ է իրենց սպասում:
Բացի դրանից, երեխայի ծնունդը կարող է խնդիրներ առաջացնել այն զույգերի մոտ, ովքեր պատրաստ չեն նոր դերերին. մինչեւ ծնունդը նրանք ընդամենը ամուսիններ էին, իսկ ծնունդից հետո դառնում են ծնողներ: Եթե մարդիկ դեռեւս պատրաստ չեն ծնողի դերին, դա կարող է բացասական ազդեցություն ունենալ նրանց հարաբերությունների վրա: Հոգեբանը նաեւ ընդգծել է, որ երեխայի դաստիարակության հետ կապված հարցերը նույնպես կարող են ստեղծել հավելյալ խնդիրներ եւ բերել բաժանման:
Այսպիսով՝ երեխայի ծնունդը որոշ դեպքերում իսկապես օգնում է ամրապնդել ընտանիքը, սակայն պետք չէ սպասել, որ երեխան կարող է լուծել բոլոր խնդիրները: Ավելի ցանկալի է խնդիրների լուծումը գտնել ինքնուրույն, այնուհետեւ համոզվել, որ երկուսդ էլ պատրաստ եք երեխայի ծննդյանը եւ միայն դրանից հետո զբաղվել այդ հարցով:






