Կոնտակտային ոսպնյակները (լինզաները)՝ տեսողության շտկման եղանակներից է: Կան տեսողության շտկման նաեւ այլ եղանակներ, բոլորին ծանոթ ակնոցը, լազերային շտկումը, որը վերջին շրջանում լայն կիրառվում է Հայաստանում, եւ այլն:

Գոյություն ունի կոնտակտային ոսպնյակների մի քանի տեսակ, որոնք պատրաստված են տարբեր նյութերից: Նրանցից ամեն մեկն ունի իր ցուցումները: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց ակնաբույժ, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի ասիստենտ, բժշկական գիտությունների թեկնածու, «Շենգավիթ»ԲԿ ակնաբուժական ծառայության ղեկավար Արտաշես Զիլֆյանը։

Նախկինում կոնտակտային ոսպնյակների պատրաստման նյութը եղել է ոչ այնքան  որակյալ, այդ իսկ պատճառով կոնտակտային ոսպնյակների հանդեպ մեզ մոտ, այսպես ասած, անվստահություն է եղել: Մինչ այդ, եվրոպական երկրներում մարդիկ վաղուց ակնոց չեն կրում:

Կոնտակտային ոսպնյակները տեսողության լավացման նպատակով ցուցված են կարճատեսության եւ հեռատեսության ժամանակ: Կան նաեւ հատուկ ոսպնյակներ, որոնք ցուցված են աստիգմատիզմի ժամանակ, սակայն վերջինիս կիրառումը ոչ այնքան արդյունավետ է:

Ինչպես հայտնի է, գոյություն ունեն նաեւ կոսմետիկ ոսպնյակներ, որոնք փոխում են աչքերի գույնը: Իրականում կոսմետիկ ոսպնյակները չեն կարող լինել շատ որակյալ, քանի որ հիմնականում պատրաստվում են ոչ այնքան բարձր տեսակի նյութից, ինչն էլ կարող է աչքի սնուցման խանգարումների պատճառ դառնալ:

Առհասարակ, մենք խորհուրդ չենք տալիս կոսմետիկ ոսպնյակներ կրել հիվանդ աչքերի դեպքում: Եթե կա կարճատեսություն, հեռատեսություն, հետեւաբար աչքը հիվանդ է: Հարկ է հիշել, որ կոսմետիկ ոսպնյակները պետք է կիրառել միմիայն առողջ աչքերի դեպքում: Ի դեպ, ցանկացած կոնտակտային ոսպնյակ խորհուրդ է տրվում կրել 10 ժամից ոչ ավել: Նույնիսկ շատ բարձր որակ ունեցող ոսպնյակների դեպքում: Եթե խոսքը կոսմետիկ ոսպնյակների մասին է, ապա խորհուրդ է տրվում կրել 5 ժամից ոչ ավել: Այն շուրջօրյա կրելը սխալ է:

Խորհուրդ չի տրվում նաեւ ինքնակամ կոնտակտային ոսպնյակների ընտրություն կատարել: Կոնտակտային ոսպնյակ պետք է ընտրի ակնաբույժը, այլ ոչ թե օպտիկայի կամ դեղատան աշխատակիցը: Բանն այն է, որ կոնտակտային ոսպնյակները պետք է համապատասխանեն աչքի չափերին:

Նշենք, որ կոնտակտային ոսպնյակները խնամքի կարիք ունեն: Խորհուրդ չի տրվում մեկ ամսից ավել կրել նույն ոսպնյակները: Կոնտակտային ոսպնյակներ կրողը պետք է ունենա հատուկ ոսպնյակների համար նախատեսված տուփ, որտեղ էլ պետք է պահվի ոսպնյակները պահպանելու համար նախատեսված հեղուկը: Ամենը պետք է լինի ստերիլ վիճակում: Կոնտակտային ոսպնյակներ տեղադրելիս պետք է պարտադիր լվանալ ձեռքերը:

Խորհուրդ չի տրվում նաեւ կոնտակտային ոսպնյակներ կրել ալերգիկ վիճակների դեպքում, ինչպես նաեւ երկարատեւ դիսկոմոֆորտի զգացողության ժամանակ:

Ինչ վերաբերում է կարելի՞ է կրել ոսպնյակներ ջրավազանում, ապա` ոչ: Նույնիսկ այն դեպքում, եթե պաշտպանիչ ակնոց եք կրում: