Ամերիկայի Յուտա նահանգում առաջին անգամ գրանցվել է Զիկա հիվանդությամբ վարակված մարդու մահվան դեպք: Ինչպես հայտնել են Սոլթ Լեյք շրջանի Առողջապահության նախարարությունից, մահվան ստույգ պատճառը դեռեւս հայտնի չէ, սակայն հայտնի է, որ մահացածը եղել է Զիկա վիրուսով վարակված:
Հայտնի է, որ տղամարդը, ում անունը չի նշվում, եղել է Բրազիլիայում, որտեղ էլ վարակվել է Զիկայով: Կարծիք կա, որ վարակը բերել է առողջական վիճակի վատթարացման եւ այլ հիվանդությունների զարգացման, ինչն էլ իր հերթին հանգեցրել է մահվան:
Մասնագետները այսօր կոչ են անում ԱՀԿ-ին ստեղծել արտակարգ հանձնաժողով, որպեսզի չկրկնվի Էբոլայի վիրուսի տարածման ժամանակ թույլ տրված սխալները: Գիտնականները նաեւ տեսակետ են հայտնել, որ Զիկայի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծման համար անհրաժեշտ կլինի երկու տարի: Այդ պատվաստանյութի ստեղծման աշխատանքները արդեն սկսվել են:
Հիշեցնենք, որ Զիկա տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որը մարդուն փոխանցվում է մոծակներից եւ բնութագրվում է բարորակ ընթացքով տենդով: Կա կարծիք, որ հիվանդությունը նաեւ փոխանցվում է չպաշտպանված սեռական ակտի ժամանակ: Վիրուսն առավել վտանգավոր է հղի կանանց համար, որովհետեւ պտղի մոտ միկրոցեֆալիա է առաջացնում ուղեղի պոտենցիալ ծանր վնասվածքներով:






