2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը ստացվել է 8223 հեռախոսազանգ: 2015 թվականի նույն ժամանակահատվածում  գրանցվել է 7490 հեռախոսազանգ:

Ինչպես հայտնում է ԱՆ մամլո ծառայությունը, հնչել են բազմաբնույթ հարցեր, գերակշիռ մասը` տեղեկատվական բնույթի (5765 հեռախոսազանգ): Բնակչությանը հետաքրքրել են նաեւ մինչև 7 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնության` 291, ծննդօգնության` 198,  մասնագիտացված բուժօգնության` 284, առողջության առաջնային պահպանման օղակի` 343, դեղերի քաղաքականության` 276, տեսչական բնույթի` 127, աշխաատնքային իրավահարաբերությունների` 18, սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչի` 421, զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների բուժօգնության` 219  վերաբերյալ հարցեր:

Զանգերից 213-ը չեն առնչվել ՀՀ առողջապահության նախարարության գործառույթներին:

«Թեժ գիծ» ծառայությունը նաեւ ստացել է օձի խայթոցի 47 դեպքի մասին ահազանգ: Համակարգի աշխատանքից շնորհակալական 21 զանգ է հնչել: Եղել են նաեւ բողոքներ` 125, որոնք զեկուցվել են ՀՀ առողջապահության նախարարին եւ աշխատակազմի ղեկավարին:

Ինչպես հայտնում է մամլո ծառայությունը, քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ուսումնասիրվել են, տրվել սպառիչ պատասխաններ եւ լուծումներ: Խնդրահարույց դեպքերի առնչությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ: