1,5 տարում շարժական բուժախտորոշման կենտրոնը, որը Հայաստանը նվեր է ստացել Ռուսաստանի Դաշնությունից, մայրաքաղաքում եւ շրջաններում կատարել է ՄԻԱՎ-ի 6275 հետազոտություն: Այս մասին լրագրողներին ասել է ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի մարզերում շարժական կլինիկան այս ընթացքում կատարել է ՄԻԱՎ-ի, բացիլային հեպատիտի եւ այլ հիվանդությունների 4575 հետազոտություն: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրերին իրականացված ակցիաների շրջանակում Երեւանում ՄԻԱՎ վարակի գծով ստուգվել է լրացուցիչ 1700 մարդ: Այդ հետազոտության ընթացքում բացահայտվել են ՄԻԱՎ-ով վարակված տասնյակ մարդկանց նոր դեպքեր, որոնք մինչ թեստավորումն անգամ չեն էլ կասկածել, որ վարակակիր են:

Հիշեցնենք, որ առաջին շարժական բուժախտորոշիչ համալիրը Հայաստանը նվեր է ստացել 2014թ. մայիսին՝ Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի չորրորդ համաժողովի ժամանակ: Այն սկսել է աշխատել 2014թ. սեպտեմբերին: Հիշեցնենք նաեւ, որ ընթացիկ տարվա մարտի 23-ին Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի օգնության ռուսական ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը Ռուսասատանի Դաշնությունից նվեր է ստացել նաեւ երկրորդ շարժական բուժախտորոշիչ համալիրը: Կլինիկայի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հինգերորդ համաժողովի ժամանակ, իսկ այսօր տեղի ունեցավ կյինիկայի պաշտոնական բացումը:

Շարժական կլինիկան, առանձին մարզեր մեկնելով, տեղի բնակչության շրջանում, որը սովորաբար զրկված է նման թեստավորման հասանելիությունից, կազմակերպում է անվճար եւ միանգամայն խորհրդապահական հետազոտություններ: Միաժամանակ, մատուցում է նաեւ այլ ծառայություններ (ուլտրաձայնային հետազոտություն, արյան ընդհանուր անալիզ եւ այլն), ինչը նույնպես դյուրացնում է ՄԻԱՎ-ի թեստավորումը. Մարդիկ արյան անալիզ են հանձնում մյուսների հետ եւ չեն ամաչում օգտվել կլինիկայի ծառայություններից: