Ավստրալիայում ՁԻԱՀ-ի համաճարակն ավարտվել է. ավստրալացի բժիշկները ՁԻԱՀ-ով հիվանդացման դեպքերի կտրուկ կրճատում են արձանագրում: Տեսականորեն, 2020-ին երկիրը կարող է հասնել ՄԻԱՎ վարակի վերացմանը, այսինքն, որ այլեւս չգրանցվի վարակման ոչ մի նոր դեպք:
Քիրբիի ինստիտուտի ՄԻԱՎ համաճարակաբանության բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Էնդրյու Գրյուլիխի խոսքով, դեռեւս վերջերս մայրցամաքում ամեն տարի ՄԻԱՎ-ով մինչեւ հազար հիվանդ էր մահանում, որովհետեւ նրանց հիվանդությունը ՁԻԱՀ-ի էր վերաճում: Սակայն հակառետրովիրուսային դեղամիջոցների ի հայտ գալը եւ բժիշկների ու սոցիալական ծառայությունների ակտիվ աշխատանքը թույլ տվեցին փոխել իրավիճակը:
Այժմ Ավստրալիայում վերացել է նույնիսկ ՁԻԱՀ-ի մոնիտորինգի անհրաժեշտությունը: Եթե մարդկանց մոտ ՁԻԱՀ-ի վերջնական փուլ է հայտնաբերվում, նրանց օպերատիվ բուժում է նշանակվում, որը նրանց փրկում է անխուսափելի մահից:
Ինստիտուտի տնօրեն Դոետրի Շերոնը ճշտել է, որ ամեն տարի մոտ հազար ավստրալացի է վարակվում ՄԻԱՎ-ով: Միաժամանակ նրանք ոչ միշտ գիտեն իրենց հիվանդության մասին, այդ պատճառով այն վերաճում է ՁԻԱՀ-ի կամ լուրջ վնաս է հասցնում նրանց իմունիտետին: Երկրում այդ խնդրի դեմ եւս փորձում են պայքարել:
Հիշեցնենք, որ ՄԻԱՎ-ը հիմնականում սեռական եղանակով եւ արյան միջոցով փոխանցվող հիվանդություն է (վարակված արյան փոխներարկում, ներարկվող թմրանյութերի համատեղ օգտագործում եւ այլն): ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ-ի վերջին փուլն է, որի դեպքում մարդու իմունիտետն այնքան է թուլանում, որ նա չի կարողանում հակազդել նույնիսկ աննշան վարակներին:
Անցյալում ՄԻԱՎ-ը վաղ թե ուշ անպայման ՁԻԱՀ-ի էր վերաճում, սակայն այսօր հակառետրովիրուսային թերապիայի հասանելիության շնորհիվ ՄԻԱՎ ունեցող մարդիկ կարող են, ուղղակի իրենց դեղերն ընդունելով, ապրել սովորական կյանքով, որի տեւողությունը գործնականում չի տարբերվի միջին վիճակագրականից:






