Ռոստովի գիտահետազոտական ուռուցքաբանական ինստիտուտի  (Ռուսաստան) վիրաբույժները բարդ վիրահատության ընթացքում 20 կգ կշռող չարորակ ուռուցք են հեռացրել: Հիվանդը լիպոսարկոմա է ունեցել` ուռուցք, որը ձեւավորվել էր անդրորովայնաթաղանթային տարածքում ձեւավորված ճարպային բջջանյութից: 

Սովորաբար այս հիվանդությունը զարգանում է տարեց մարդկանց մոտ, այն բուժում են  միայն վիրաբուժական եղանակով: Տղամարդու մոտ, որի անունը չի հիշատակվում, հիվանդության զարգացման ախտանիշը մեծացող փորն էր: Նա բժիշկներին է դիմել մոտավորապես մեկ տարի անց այն բանից հետո, երբ գոյացությունը սկսել է մեծանալ:  

Ուռուցքի տպավորիչ չափերը զգալիորեն բարդացրել են վիրահատության անցկացումը: Բարեբախտաբար գոյացությունը չի փոխանցվել հարեւան օրգաններին, սակայն պարզվել է, որ այն կապված է   հաստ եւ բարակ աղիքները սնուցող արյունատար անոթների հետ:  Մինչ վիրահատող բժիշկն առանձնացնում էր դրանք, երկու օգնող բժիշկները ստիպված են եղել հսկայական ուռուցքը կախված պահել:

Պրոֆեսոր Օլեգ Կիտը բացատրել է, որ վիրահատության ընթացքում իրենց հաջողվել է  արյան կորստից խուսափել էլեկտրավիրաբուժական մեթոդների կիրառության շնորհիվ: 

Իմիջիայլոց, դա բժշկական գրականության մեջ նկարագրված ամենախոշոր ուռուցքը չէր: 2010-ին Արգենտինայում կին էր վիրահատվել 23 կգ կշռող ուռուցքով, որն այս պահին համարվում է երբեւէ հեռացվածների մեջ ամենախոշորը, որովհետեւ բժիշկներին չի հաջողվել բժշկական գրականության մեջ տեղեկություններ գտնել ավելի խոշոր չարորակ գոյացությունների մասին: