«Էրեբունի» բժշկական կենտրոնում 3.5 ամիս առաջ առաջին անգամ լյարդի հսկայական` մոտավորապես 22 սանտիմետրանոց հեմանգիոմայի տրանսարտերյալ Էնդովասկուլյար էմբոլիզացիա է կատարվել:  

Վերջերս իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ ուռուցքը փոքրացել է եւ այլեւս անհարմարություն չի պատճառում հիվանդին: 

Ինտերվենցիոն սրտաբան Արսեն Ծատուրյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ այս տարվա մարտին «Էրեբունի» ԲԿ դիմած կնոջ լյարդում դեռեւս ութ տարի առաջ նորագոյացություն էր հայտնաբերվել: Սկզբում ուռուցքը չարորակ է որակել: Հիվանդին հակաքաղկեղային բուժում է առաջարկվել, որից նա հրաժարվել է եւ միայն ցավազրկող դեղամիջոցներ ընդունել: 

Մի քանի տարի անց կատարված կրկնակի ՀՏ հետազոտությունը ցույց է տվել, որ այն ոչ թե քաղցկեղային ուռուցք է, այլ հեմանգիոմա` արյունատար անոթներից գոյացություն, ընդ որում` բավականին մեծ չափերի: Բժիշկը պարզաբանել է, որ փոքր չափերի հեմանգիոման կարող է ընդհանրապես չդրսվորվել: Ախտանիշներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ այն զգալի չափեր է ընդունում եւ սկսում է ճնշել որոշակի օրգանների` ստամոքսին, երիկամներին, աղիներին եւ այլն: Հենց դա էլ տեղի է ունեցել կնոջ դեպքում, եւ նա սաստիկ ցավեր է զգացել: 

Հեմանգիոման շատ մեծ է եղել. ամենախոշոր օջախը` 21,2 × 17,1 × 9,7 սմ չափերի, զբաղեցրել է լյարդի ձախ մասը, իսկ ավելի փոքր աղբյուրները` 5,5×5,0 սմ, 1,5×1,4 սմ, 3,1×2,5սմ եւ 3,5×3,4սմ չափերի, տեղակայված է եղել աջ մասում:  «Բաց վիրահատությունը բավականին ռիսկային էր. այն ենթադրում էր լյարդի կեսի ռեզեկցիա, ու նաեւ ուժեղ արյունահոսության», - ասել է բժիշկը` հավելելով, որ ընդհանրապես հեմանգիոմայի վտանգավորությունն այն է, որ այն կարող է հանկարծակիորեն պատռվել կամ էլ վնասվածքների  դեմքում կարող է ուժեղ արյունահոսություն սկսվել, ինչն էլ վտանգավոր  է հիվանդի կյանքի համար: 

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կնոջն կատարել են հեմանգիոման սնուցող անոթների էմբոլիզացիա:

Արսեն Ծատուրյանի խոսքով, եթե ուռուցքը շատ մեծ է լինում, որոշ ժամանակ անց հիվանդին կրկին վիրահատում են: Այս  հիվանդի դեպքում հեմանգիոմայի հետ կապված բոլոր կլինիկական դրսեւորումները էմբոլիզացիայից հետո անհետացել են:  Արսեն Ծատուրյանը պարզաբանել է, որ էմբոլիզացիան քիչ ինվազիվ, բարդություններ և ռիսկայնություն ենթադրող բուժման մեթոդ է, որը հանգում է մեկ կամ մի քանի արյունատար անոթի խցանմանը:  Տրանսկաթետերային էմբոլիզացիայի դեպքում հատուկ խցանող նյութեր են օգտագործվում (դեղեր կամ սինթետիկ նյութեր), որոնք կաթետերի միջոցով մտցվում են արյունատար անոթ, ինչը խաթարում է այս կամ այն հատվածում արյան մատակարարումը:  Կաթետերային էմբոլիզացիան կատարվում է անգիոգրաֆի վերահսկողությամբ` կոնտրաստի կիրառությամբ: Ուռուցքի բուժման դեպքում այդ միջամտությունը հնարավորություն է տալիս փակել արյան հոսքը դեպի ուռուցք` դրանով զրկելով այն սնուցումից եւ հետագա աճի հնարավորությունից: