Կենդանիների մոտ բրուցելոզի դեմ արդյունավետ պայքարը շատ կարեւոր է. որքան քիչ լինեն վարակված կենդանիները, այնքան քիչ կլինեն մարդկանց շրջանում   այս հիվանդությամբ վարակման դեպքերը:   Այդ մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Հայաստանի Գյուղատնտեսության նախարարությանը կից Սննդային անվտանգության Անասնաբուժական տեսչության ղեկավար Հովհաննես Մկրտչյանը: 

Այսօր` հուլիսի 12-ին Երեւանում մեկնարկել է միջազգային աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Միացյալ  ազգերի կազմակերպության Մթերային եւ Գյուղատնտեսական կազմակերպությունների, Հայաստանի եւ Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունների, հասարակական  կազմակերպությունների մասնագետները, ինչպես նաեւ միջազգային փորձագետները կքննարկեն բրուզելոզի դեմ հակազդեցության այսօր ձեռք առնվող միջոցները: 

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Վրաստանից մասնագետները կպատմեն բրուցելոզի դեմ պայքարի իրենց փորձի մասին, իսկ Իսպանիայից փորձագետը կներկայացնի իր երկրի փորձը եւ հաջողությունները: 

Հովհաննես Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում այսօր օգտագործվում է այսպես կոչված ստուգման եւ  մորթի ռազմավարությունը. ֆերմերական եւ գյուղատնտեսական ձեռնարկություններում ստուգում են կենդանիների մոտ բրուցելոզի առկայությունը եւ նրանց, ում մոտ հայտնաբերում են հիվանդությունը, սանիտարական մորթի են ենթարկում` խուսափելու հիվանդության հետագա տարածումից եւ մարդկանց վարակումից:   Տնտեսությունը, որին պատկանում էր կենդանին, փոխհատուցում չի ստանում, որովհետեւ հիվանդ կենդանիների միսը համապատասխան վերամշակումից հետո հնարավոր է օգտագործել սննդի մեջ: 

2009 թվականից Սյունիքի մարզում նաեւ մեկնարկային ծրագիր է իրականացվում, որի շրջանակում այդ մարզի կենդանիներին պատվաստում են բրուցելոզի դեմ: Որոշ փորձագետների կարծիքով, նման մոտեցումը մի շարք  պատճառներով ավելի ճիշտ եւ արդյունավետ է «ստուգման եւ մորթի» մոտեցումից:

Հովհաննես Մկրտչյանը նշել է, որ մասնագետներն այսօր կքննարկեն Սյունիքի մասում մեկնարկային ծրագրի արդյունավետությունը եւ կխոսեն այն մասին, թե անհրաժեշտ է արդյոք պատվաստում ներդնել նաեւ Հայաստանի այլ մարզերում: 

«Մի բան պարզ է. բրուցելոզի դեմ պայքարը համալիր մոտեցում է պահանջում: Եթե մենք հիվանդ կենդանիներ չունենանք, չեն լինի կենդանական ծագմամբ վարակված մթերքներ եւ մարդկանց շրջանում եւս հիվանդացումը կտրուկ կնվազի», - նշել է Հովհաննես Մկրտչյանը: