2015-ին Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների բրուցելոզի 909 դեպք է գրանցվել եւ 603 դեպք մանր եղջերավոր անասունների շրջանում: Բոլոր վարակված կենդանիները սանիտարական մորթի են ենթարկվել: Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանի Գյուղատնտեսության նախարարությանը կից Սննդամթերային անվտանգության ծառայության Անասնաբուժական տեսչության ղեկավար Հովհաննես Մկրտչյանը: 

Նրա խոսքով, 2016-ի տվյալները դեռեւս ամբողջությամբ մշակված չեն, բայց, նախնական տվյալների համաձայն, առաջին  6 ամսվա ընթացքում խոշոր եղջերավոր անասունների բրուցելոզի մոտ 350 դեպք է գրանցվել եւ մանր եղջերավոր անասունների շրջանում հիվանդության 200 դեպք:

Ինչ վերաբերում է այդ հիվանդության տարածմանը, որը, իմիջիայլոց, նաեւ մարդկանց է փոխանցվում, այն ամենից քիչ տարածված է Տավուշի եւ Լոռու մարզերում, իսկ ամենից շատ` Կոտայքի, Արարատի եւ Արմավիրի: Սյունիքի մարզում բրուցելոզի տարածումն անցյալում եւս բավականին բարձր էր, սակայն այնտեղ անցկացվող անասունների պատվաստման մեկնարկային ծրագրի շնորհիվ, իրավիճակն այսօր վերահսկվում է:  

Հովհաննես Մկրտչյանը նաեւ նշել է, որ Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների մոտ բրուցելոզը ստուգում են տարին երկու անգամ, իսկ մանրերի մոտ` տարին մեկ անգամ: Բացառված չէ, սակայն, որ ավելի հաճախակի ստուգումները կկարողանային ավելի արդյունավետորեն ի հայտ բերել հիվանդությունը, չէ որ ստուգման ընթացքում բացառված չեն կեղծ դրական  եւ կեղծ բացասական արդյունքները:   

Հիշեցնենք, որ բրուցելոզը կենդանական վարակ է, որը հիվանդ կենդանիներից մարդուն է փոխանցվում, բնութագրվում է մարդու օրգանների եւ համակարգերի բազմակի վնասմամբ: Հիվանդության հարուցիչը բրուցել ցեղի միկրոօրգանիզմների խումբն է: Մարդը կարող է վարակվել հիվանդ կենդանու հետ շփման, չպաստերիզացված կաթի եւ դրանից պատրաստված մթերքների  (օրինակ` պանրի) օգտագործումից, ինչպես նաեւ սխալ վերամշակված մսի եւ այլ մսամթերքի օգտագործումից: