ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ ԼՂՆ առողջապահության նախարար Կարինե Աթայանը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության միջեւ համագործակցության մասին համաձայնագիր:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին աշխատանքների կազմակերպման, կադրային հագեցվածության, առավել օպերատիվ և համակարգված համագործակցության մշակման, ինչպես նաև այլ հարցեր, ինչպես հայտնում է ՀՀ ԱՆ մամլո ծառայությունը:

«Այսօր մեր համագործակցությունը թևակոխում է նոր փուլ և մենք պատրաստկամություն ենք հայտնում խորացնել արդեն իսկ սերտ համագործակցությունն ի նպաստ երկու երկրի բնակչության առողջության պահպանման», - նշեց ՀՀ առողջապահության նախարարը: 

Արմեն Մուրադյանը ներկայացրեց Հայաստանի առողջապահական համակարգի մի շարք ծառայությունների ղեկավարներին, գլխավոր մասնագետներին: Համագործակցությունը սերտացնելու նպատակով նա հանձնարարեց նախարարության գլխավոր մասնագետներին շարունակել այցերը Արցախ, ինչպես նաև քայլեր ձեռնարկել Հայաստանում իրականացվող կարևոր առողջապահական ծրագրերը ԼՂՀ-ում ներդնելու, նորարարությունները հասանելի դարձնելու ուղղությամբ:

«Մեր համագործակցությունը սկսեց քառօրյա պատերազմի առաջին րոպեներից, կրեց գործնական բնույթ: Եվ ուրախությամբ պետք է փաստեմ, որ այդ համագործակցությունը շարունակում է նաև խաղաղ օրերին», - ընդգծեց Կարինե Աթայանը:

Հանգամանալից անդրադարձ կատարվեց Արցախի բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով համալրման խնդրին: ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարների ուշադրության կենտրոնում էին համաճարակաբանական իրավիճակին, մոր եւ մանկան առողջության պահպանմանը վերաբերող հարցերը:

Նպատակ ունենալով պահպանել և բարելավել  Հայաստանի և Արցախի բնակչության առողջությունը ստորագրված փաստաթղթով նախատեսվում է, առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին տեղեկատվության փոխանակում, առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավում, առողջության պահպանման և բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացում, ԼՂՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման  հնարավորության ստեղծում: