ԼՂՀ ռազմաբժշկական ծառայության կայացման, առողջապահական համակարգի զարգացման, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորներին եւ տուժածներին ցուցաբերած բոօժօգության եւ մասնագիտական սխրանքի համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ԼՂՀ ՊԲ գլխավոր վիրաբույժ, բ/ծ գնդապետ Սամվել Գևորգյանն այսօր պարգևատրվեց նախարարության հուշամեդալով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամլո ծառայությունը:

Սամվել Գևորգյանը, ով նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի` բուժծառայության հարցերով խորհրդականն է, հաղորդագրության համաձայն, 1971-1977թթ. ուսանել է Սարատովի բժշկական համալսարանում: 1978-1982թթ. զբաղեցրել է Ուլյանովսկի մարզի տեղամասային հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկի պաշտոնը: 1984թ. մեկնել է Արցախ և մինչև 1992թ. աշխատել Ստեփանակերտի հիվանդանոցում որպես վիրաբույժ: Արցախյան պատերազմի ամենածանր շրջանում` 1992-1994 թթ., նրան վստահվել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետի պաշտոնը: 1994-2000թթ. զբաղեցրել է ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի, 2001-2003թթ.` Իվանովի (Խոջալու) հոսպիտալի պետի պաշտոնը: Իսկ 2003-2013թթ.` կրկին նրան է վստահվել ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի պաշտոնը:

Վաստակաշատ վիրաբույժի ավանդը մեծ է ոչ միայն բուժծառայության կազմավորման, այլեւ հետագա զարգացման գործում: Այսօր էլ բժիշկը շարքում է, եւ նրա ձեռքերին է վստահված ամենածանր վիրավորների կյանքը: Նա շարունակում է իր փորձը փոխանցել երիտասարդ մասնագետներին:

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում նա իրականացնել է շուրջ 30 ծանր վիրահատություններ: