Տոմսկում 4 ամսական հղիությամբ ռուսաստանցի կնոջը վիրահատել են` հեռացնելու բարորակ ուռուցքը, որն իր չափերով ավելի մեծ էր, քան նրա արգանդը` ներսում երեխայով: Ռուսաստանյան ԶԼՄ-ների փոխանցմամբ, կինն այժմ իրեն լավ է զգում եւ վերականգնվում է վիրահատությունից հետո:  

Կինը, որի անունը չի նշվում, ծնունդով Կիզիլից էր (Տիվա): Քանի որ բարդ վիրահատություն էր սպասվում, իսկ արյունահոսությունը կարող էր հանգեցնել պտղի կորստի եւ հիվանդի հետագա անպտղության, Տիվայի բժիշկները կնոջը Տոմսկ ուղարկեցին, որտեղ նրան ընդունեցին   ՍիբՊԲՀ-ի մասնագետները: Նրանք կոնսիլիում անցկացրեցին, որի ընթացքում որոշեցին վիրահատել հիվանդին, որի ուռուցքը բարորակ էր եւ փորձել պահպանել հղիությունը:  

«Հիվանդը 4 ամսական հղիություն ուներ, ուռուցքը ճնշում էր նրա արգանդը, այն նույնիսկ ավելի մեծ էր, քան հղի արգանդը: Եվ շատ լուրջ հարց կար, թե ինչպես հեռացնել ուռուցքը. այն բարորակ էր, բայց մենք արյան կորստից էինք վախենում: Երբ նման վիրահատություններ են կատարվում, շատ կարեւոր է պահպանել արգանդի ամբողջականությունը», - ասել է ՍիբՊԲՀ-ի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Իրինա Եվտուշենկոն:  

Պարզվեց, որ գոյացությունը նույնիսկ ավելի մեծ է, քան սպասվում էր` 25-ից 35 սմ, սակայն վիրահատությունը հաջող անցավ եւ հիվանդը քիչ արյուն կորցրեց: Իրինա Եվտուշենկոն նշել է, որ որպեսզի հետագայում երեխային կրելու ընթացքում հղին խնդիրներ չունենա, բժիշկները կարերի համար ժամանակակից նյութ են օգտագործել:   

Վիրահատությունը տեղի է ունեցել հունիսի 29-ին, ներկայումս հիվանդն իրենց նորմալ է զգում, վերականգնման գործընթացը լավ է ընթանում: Բացառված չէ, որ նա Տոմսկում կծննդաբերի, ոչ թե Կիզիլում: