Ալթայի Հանրապետության (Ռուսաստան) Կոշ-Աչագյան շրջանի հիվանդանոցներից մեկը երեխա են բերել հազվագյուտ ախտորոշմամբ. 10 տարեկան տղայի մոտ ավշային ժանտախտ են հայտնաբերել` հիվանդություն, որից Միջնադարում Եվրոպայում մոտ 25 մլն մարդ է մահացել:

17 մարդ, որոնք շփվել են հիվանդացած երեխայի հետ, այժմ մեկուսարանում են՝ բժիշկների հսկողության տակ: Առայժմ այդ մարդկանց մոտ, որոնցից վեցը երեխաներ են, հիվանդության նշանները բացակայում են: 

Տղան, որի անունը չի նշվում, հիվանդանոց է տեղափոխվել հուլիսի 12-ին բարձր ջերմաստիճանով, մոտ 40 աստիճան ըստ Ցելսիուսի: Մասնագետների կարծիքով, ամենայն հավանականությամբ երեխան կենդանիներից է վարակվել. շրջանում ավշային ժանտախտ է արձանագրվել, օրինակ, արջամկների մոտ: Այժմ տղան իրեն ավելի լավ է զգում, նրա կյանքին, բժիշկների խոսքով, վտանգ չի սպառնում:  

Տեղի ունեցածի կապակցությամբ որոշում է կայացվել բնակչության զանգվածային պատվաստում անցկացնել. կպատվաստեն մեծերին եւ 2 տարեկանից մեծ երեխաներին: Պատվաստանյութի լրացուցիչ չափաբաժիններ են պատվիրվել, շրջանի բնակիչների մոտ 30 տոկոսն արդեն պատվաստվել է: Ռոսպոտրեբնադզորից հայտնել են, որ կարանտին մտցնելու հարցը բացասական լուծում է ստացել, որովհետեւ ժանտախտի դիտարկվող ձեւը թոքային չէ: 

Ռոսպոտրեբնադզորի տվյալներով, 2014 եւ 2015 թվականներին այդ շրջանում արդեն գրանցել են ավշային ժանտախտի դեպքեր: 

«Փոխանցողները արջամկներն են, որոնց լեռնային կայաններում հանդիպում են մարդիկ կամ էլ ուտում են նրանց միսը», - ասել են Ռոսպոտրեբնադզորից: