ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի գիտնականները իմպլանտի նոր տեսակ են մշակում, որը կարող է էականորեն թեթեւացնել ուղեղի ուռուցքային հիվանդությունների եւ վնասվածքների, դեգեներատիվ խանգարումների եւ ուղեղի կաթվածների բուժումը: 

Գիլերմո Ագուիլարը University of California-ից եւ Սանտյագո Կամաչո-Լոպեսը Էնսենադայի Գիտական հետազոտությունների եւ բարձրագույն կրթության կենտրոնից (Centro de Investigación Científica y de Educación Superior de Ensenada, Мехико) իտրիումի օքսիդով կայունացված ցիրկոնիումի դիոքսիդից կերամիկայի թափանցիկ տարբերակ են ստեղծել` այն նյութից, որից ազդրային իմպլանտներ եւ ատամնապսակներ են պատրաստում: Նման թափանցիկ կերամիկայից հնարավոր է գանգային իմպլանտ ստեղծել, ինչը բժիշկներին հնարավորություն կտա ոչ ինվազիվ կամ քիչ ինվազիվ լազերային թերապիա իրականացնել, որը ցուցված է վերոհիշյալ հիվանդությունների դեպքում: Գանգի բազմակի ծակումներ նման դեպքում այլեւս անհրաժեշտ չեն լինի, որովհետեւ «Դեպի ուղեղ պատուհանի» թափանցիկ նյութը չի խոչընդոտի լազերի ազդեցությանը:

Փորձարկումների ընթացքում գիտնականները արդեն կարողացել են իմպլանտով անցնող լազերի միջոցով հաջողությամբ բուժել բակտերիական վարակները, որոնք առաջացնում են E. Coli միկրոօրգանիզմները: Միաժամանակ կարիք չի եղել հեռացնել իմպլանտը, իսկ նրան շրջապատող հյուսվածքները չեն վնասվել: 

Հետազոտությունները ցույց են տվել, որ «Պատուհան դեպի ուղեղ»-ը ոչ միայն առանձնանում է կենսահամատեղելիության լավ ցուցանիշներով, այլեւ կայուն է բակտերիական վարակների հանդեպ` հիմնական բարդացման, որին բախվում են շատ հիվանդներ: Բացի այդ, նյութի ամրությունը զգալիորեն ավելի բարձր է, քան այլընտրանքայիններինը, որոնք պատրաստված են ապակու հիմքի վրա:  Իսկ կենդանիների վրա հետազոտությունը ցույց է տվել, որ իտրիումով կայունացված ցիրկոնից իմպլանտը իմունային համակարգի հակազդեցություն կամ օրգանիզմում որեւէ այլ վատ դրսեւորում չի առաջացնում: 

«Դա շատ կարեւոր բացահայտում է, որովհետեւ ցույց է տալիս, որ մեր թափանցիկ իմպլանտի եւ լազերի ազդեցության վրա հիմնված թերապիայի համադրումը թույլ կտա ոչ միայն բուժել ուղեղի խանգարումները, այլեւ ոչնչացնել բակտերիական վարակները, որոնք հաճախ հիվանդին ուղեկցում են իմպլանտի տեղադրումից հետո: Նման վարակների դեմ պայքարելը հատկապես բարդ է, որովհետեւ որոշ հակաբիոտիկներ չեն ներթափանցում հեմատոէնցեֆալային պատնեշով», - նշել է հետազոտության համահեղինակ Դեւին Բինդերը, որը Ռիվերսայդում Կալիֆորնիայի բժշկության դպրոցի նյարդավիրաբույժ է: