Բրուցելոզի դեմ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների պատվաստումը հիվանդության տարածման կանխարգելման գործում ավելի արդյունավետ է, քան այսօր Հայաստանում օգտագործվող «ստուգման եւ մորթի» քաղաքականությունը: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միացյալ Ազգերի Մթերային եւ Գյուղատնտեսական Կազմակերպության անասնաբուծության եւ անասնաբուժության հարցերով փորձագետ Անդրեյ Ռոզստալնին:

Նրա խոսքով, մի շարք պատճառներով «ստուգման եւ մորթի» ռազմավարությունն արդյունավետ չէ ոչ Հայաստանում, ոչ այլ երկրներում: Նախ` այն պատճառով, որ բրուցելոզի բարձր գերակշռության պատճառով ստիպված են լինում ոչնչացնել վարակված շատ կենդանիների, ինչն  իհարկե տնտեսապես արդյունավետ չէ:  Երկրորդ` Հայաստանում կենդանիների անհատական նույնականացում չկա, այդ պատճառով բրուցելոզի դրական անալիզով կենդանիներին հետո շատ դժվար է լինում գտնել նախրում: Երրորդ` Հայաստանում սանիտարական մորթի համար փոխհատուցում չի գործում, նշանակում է, ֆերմերներն ամենայն հավանականությամբ կթաքցնեն հիվանդ կենդանիներին եւ չեն համագործակցի անասնաբուժական ծառայությունների եւ պետության հետ:

Բրուցելոզի դեմ զանգվածային պատվաստումը, փորձագետի խոսքով, թույլ է տալիս խուսափել այդ բոլոր խնդիրներից եւ տնտեսապես շահավետ է: Զանգվածային պատվաստման մեջ ներդրումները ենթադրում են պատվաստանյութերի գնում եւ անասնաբույժների աշխատանքի համար վճար, իսկ արդյունքում հաջողվում է զգալիորեն կրճատել սանիտարական մորթի ենթակա կենդանիների եւ կամայական աբորտների թիվը, որոնք հաճախ տեղի են ունենում վարակման արդյունքում:

Զանգվածային պատվաստման մարտավարությունը, փորձագետի խոսքով, շատ արդյունավետորեն կիրառվում է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Նոր Զելանդիայում, Իսպանիայում, Ավստրալիայում, Պորտուգալիայում եւ մի շարք այլ երկրներում: Մեր տարածաշրջանում պատվաստում իրականացնում է Տաջիկստանը, Վրաստանում նախատեսել են սկսել այս տարվանից: Հայաստանում, հիշեցնենք, խոշոր եւ մանր եղջերավոր անասունների պատվաստում իրականացնում են Սյունիքի մարզում` մեկնարկային ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից: