Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության հուլիսի 15-ից 17-ը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտում գտնվող Երեւանի քաղաքապետարանի  աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Լիդա Մուրադյանը, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրեն Սերգեյ Ուռումյանը եւ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Կարինա Աթայանի ուղեկցությամբ, այցելել են Ստեփանակերտի ծննդատուն, «Հանրապետական» եւ «Մանկական» հիվանդանոցներ: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

Երեւանի վերոնշյալ բուժհաստատությունների բժիշկ-մասնագետները տեղերում կազմակերպել են հիվանդների հետազոտում, նաեւ անցկացրել են խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ բժշկական միջամտություններ: Մասնավորապես, Ստեփանակերտի «Հանրապետական» հիվանդանոցում բուժօգնություն են իրականացրել «Նորք-Մարաշ» ԲԿ-ի սրտաբանները, իսկ «Մանկական» հիվանդանոցում՝ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի  մասնագետները: «Շենգավիթ» ԲԿ-ի մասնագետներն էլ համապատասխան բժշկական ծառայություններ են մատուցել Ստեփանակերտի ծննդատանը:

 «Նորք-Մարաշ» ԲԿ-ի սրտաբանների կողմից այցի միայն առաջին օրվա ընթացքում իրականացվել են 147 հիվանդների մասնագիտական հետազոտություններ եւ խորհրդատվություն: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մասնագետների կողմից էլ 76 մանկաբուժական հետազոտություններ են իրականացվել, իսկ 57 կանայք ուլտրաձայնային հետազոտություն են անցել՝ «Շենգավիթ» ԲԿ-ի համապատասխան մասնագետների մոտ: Նշված ժամանակահատվածում իրականացվել է նաեւ գինեկոլոգիական 8 անհրաժեշտ վիրահատություն:

Բացի այդ, ԼՂՀ առողջապահության նախարարությանը փոխանցվել է նաև 23 անուն անհրաժեշտ դեղորայք: