Ամռան տապին որեւէ վարակ ձեռք բերելու վտանգը շատ ավելի մեծ է, քան տարվա ցանկացած այլ եղանակին: Վարակների հանդեպ հատկապես խոցելի են երեխաները, որոնց դիմադրողականության համակարգը դեռեւս բավարար զարգացած չէ՝ վարակները դիմակայելու համար:
Երեխաներին ինչպե՞ս վարակից պաշտպանել ամռանը: NEWS.am Medicine-ի թղթակցի այս հարցին պատասխանում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:
Վարակիչ հիվանդությունների հարուցիչների 80 տոկոսը մեր օրգանիզմ են թափանցում կեղտոտ ձեռքերի միջոցով: Հատկապես այդ պատճառով մասնագետները մեծ ուշադրություն են դարձնում ձեռքերի հիգիենային: Ծնողները, ինչպես նշում է Նունե Բակունցը, պետք է ոչ միայն իրենք ամեն անգամ ուտելուց առաջ լվանան ձեռքերը, այլեւ նույնն անել սովորեցնեն երեխաներին: Երեխաները, նույնիսկ մանկահասակները, ամեն ինչ շատ լավ են հասկանում եւ արագ են սովորում, ուստի պարզապես անհրաժեշտ է նրանց բացատրել, որ կեղտոտ ձեռքերի վրա կարող են լինել վտանգավոր մանրէներ, այդ պատճառով ձեռքերը պետք է հաճախ լվանալ, իսկ կեղտոտ իրերը չպետք է բերանը տանել:
Նույն կերպ պետք է երեխաներին բացատրել, որ չի կարելի ուտել չլվացված միրգ եւ բանջարեղեն, քանի որ դրանց վրա նույնպես կարող են լինել բացիլներ եւ մանրէներ:
Եթե երեխան ուտելուց առաջ մշտապես լվանա ձեռքերը, ուտի միայն մաքուր մթերք եւ բերանը չտանի ոչ մի կեղտոտ բան, դա կօգնի նրան պաշտպանել շատ ու շատ վարակներից:
Որոշ ծնողներ մտածում են, որ եթե իրենց երեխաները կեղտոտ ձեռքերով կեղտոտ մթերք ուտեն, ապա իբր դրանով կնպաստեն դիմադրողականության ամրապնդմանը, սակայն դա, շատ մասնագետների խոսքով, ամենեւին այդպես չէ: Մեզ շրջապատող միջավայրը ցանկացած դեպքում մանրէազերծ չէ, եւ օրգանիզմը, այսպես թե այնպես, ստիպված է բախվել զանազան հարուցիչների հետ, որոնց շնորհիվ ձեւավորվում է դիմադրողականությունը: Հետեւաբար, անիմաստ է օրգանիզմը վտանգի ենթարկել՝ նրան ստիպելով պայքարել վարակների դեմ, հազիվ թե դա իմաստ ունի. հնարավոր է, երեխայի օրգանիզմը կարողանա հաղթահարել այդ վարակները եւ ավելի ուժեղ դառնա, հնարավոր է նաեւ, որ ծանր հիվանդանա:






