Ավտոտրանսպորտի պատճառով օդի աղտոտվածությունը սրտի աշխատանքի փոփոխությունների պատճառ է դառնում: Այսպիսի ոչ մխիթարող եզրակացության են եկել Սիեթլի  Վաշինգթոնյան համալսարանի գիտնականները, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Counsel and Heal-ին:

«Մեզ առաջին անգամ հաջողվել է ցույց տալ, որ մթնոլորտի՝ ազոտի երկօքսիդով աղտոտվածության բարձր մակարդակը հանգեցնում է սրտի աջ փորոքի զանգվածի եւ դրա վերջնական դիաստոլիկ ծավալի մեծացման: Այս փոփոխությունները կարող են հանգեցնել սրտանոթային լուրջ հիվանդությունների»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ բժիշկ Փիթեր Լիրին:

Հետազոտությանը մասնկացել է 3896 մարդ, որոնք սրտանոթային ոչ մի հիվանդություն չեն ունեցել: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ բժիշկները հետազոտել են նրանց սրտի աշխատանքի ցուցանիշերը, հետո հաշվարկել են մթնոլորտային օդի աղտոտվածության մոտավոր մակարդակը, որը հետազոտությունից առաջ մեկ տարի շարունակ շնչել են ուսումնասիրության մասնակիցները:

Հեղինակների ստացած տվյալների համաձայն՝ ազոտի երկօքսիդով օդի աղտոտվածության ավելացման պատճառով աջ փորոքի զանգվածն ավելանում է միջինում 1 գրամով (կամ 5%-ով) եւ 4,1 մլ-ով (3%-ով) մեծանում է դրա վերջնական դիաստոլիկ ծավալը:

Հետազոտողները նաեւ չեն բացառում, որ այդ փոփոխություններին այլ գործոններ եւս նպաստել են: