Ճապոնացի գիտնական Տերուհիկո Վակայաման, որի ցողունային բջիջների ոլորտում կատարած հետազոտությունն անվանվել է «բեկումնային», հայտարարել է իր գիտական աշխատանքները հետ կանչելու անհրաժեշտության մասին՝ դրանց ճշգրտության հարցում կասկածի պատճառով:

Հունվարին հաղորդվել էր գիտնականի հայտնաբերման՝ արյան բջիջները թթվի մեջ ընկղմելու միջոցով ցողունային բջիջներ ստանալու հնարավորության մասին:

Սակայն հետո հարցեր առաջացան, թե ինչ լուսանկարներ էին օգտագործվել գիտական հետազոտությանը կցելու համար: Այդ խնդրով զբաղվող այլ գիտական խմբեր չեն կարողացել նույնանման արդյունքների հասնել, հայտնում է BBC-ն:

Աշխատանքի հեղինակ Տերուհիկո Վակայաման ասում է. «Հիմա արդեն անհասկանալի է, թե ինչն է ճիշտ»:

Հայտնի է, որ ցողունային բջիջները կարող են ցանկացած այլ տիպի բջիջների վերածվել, եւ այդ ունակությունը դարձել է վերարտադրողական բժշկության ոլորտում հետազոտությունների հիմնական ուղղությունը:

Մեթոդը, որը գիտնականը նկարագրել է Nature ամսագրում, սենսացիա է դարձել ամբողջ աշխարհում: Այն անվանել են «գիտական լուրջ բացահայտում»:

Ըստ հետազոտության արդյունքների՝ ցողունային բջիջներ հնարավոր է ստանալ ոչ միայն էմբրիոններից եւ լաբորատոր թանկարժեք մանիպուլյացիաների միջոցով: Ենթադրվում էր, որ արյան բջիջների ընկղմումը թթվի մեջ կարող է խթանել դրանց ցողունային բջիջների վերածվելը:

Հետազոտության տվյալները չեն հերքվել, բայց լուրջ վերլուծության են ենթարկվել:

Պրոֆեսոր Վակայաման ճապոնական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ հետազոտությունը կատարելիս վստահ էր արդյունքների ճշտության հարցում:

«Սակայն հիմա շատ սխալներ են երևան եկել: Կարծում եմ, որ ավելի լավ է՝ հետ կանչել աշխատանքի արդյունքները եւ հետո, օգտագործելով ճիշտ տվյալներ եւ ճիշտ լուսանկարներ, եւս մեկ անգամ ապացուցել, որ եզրակացությունները ճիշտ են»,- ասում է նա: