Մինչ վերջերս ԱՄՆ-ում Մարդու պապիլոմայի վիրուսի՝ ՄՊՎ, դեմ պատվաստում էին միայն 11-12 տարեկան աղջիկներին, սակայն շուտով այդ պատվաստանյութը կստանան նաեւ տղաները: Քաղցկեղի ամերիկյան միությունը (American Cancer Society) վերջերս թարմացրել իր հրահանգները եւ այժմ խորհուրդ է տալիս վիրուսի դեմ պատվաստել բոլոր երեխաներին:

Տեսակետ կա, որ ՄՊՎ-ով վարակվելը, որը սեռավարակների ամենահաճախ հանդիպող տեսակներից է, կարող է կանանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնել, իսկ տղամարդկանց մոտ՝ առնանդամի, ինչպես նաեւ՝ երկու սեռի ներկայացուցիչների բերանի խոռոչի եւ կոկորդի քաղցկեղի: ՄՊՎ դեմ պատվաստումը կարող է ինչ-որ չափով նրանց պաշտպանել վարակից եւ դրա հետ կապված վտանգից, այդ պատճառով խորհուրդ է տրվում պատվաստել բոլոր երեխաներին, որոնք դեռ չեն մտել սեռական կապի մեջ:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստանյութը միանման արդյունավետ պաշտպանում է եւ՛ տղամարդկանց, եւ՛ կանանց, ուստի տղաներին պատվաստելը գիտնականները լավ գաղափար են համարում, դրանից բացի, դա աղջիկների համար լրացուցիչ պաշտպանություն կլինի:

Արեւմուտքում, սակայն, պատվաստանյութի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ, ոմանք պնդում են, որ պատվաստումը կխրախուսի սեռական կյանքով վաղ ապրելը եւ անկանոն, չպաշտպանվող սեռական կապերը դեռահասների շրջանում: Դրանից բացի, որոշ ծնողներ հայտնել են, որ իրենց երեխաները պատվաստվելուց հետո կողմնակի լուրջ բարդացումներ են ունեցել: