Ուռուցքային հիվանդություններն ախտորոշելիս այսօր կատարվում են մի շարք կարեւոր հետազոտություններ, որոնց շարքերում է ախտահարված օջախի բիոփսիան:

Բիոփսիայի նպաըակն է ախտահարված օջախից վերցնել հյուսվածքի կտոր (բիոպտատ), որը  համապատասխան հետազոտություններից հետո հնարավորություն է ստեղծվում որոշելու այդ բջիջները նորմալ են,  թե քաղցկեղային: Այդ պատճառով բիոփսիան ուռուցքային հիվանդությունների կասկածի դեպքում համարվում է հետազոտության պարտադիր մեթոդ: Բիոփսիան շատ դեպքերում պարտադիր պայման է հանդիսանում ուռուցքների ճշգրիտ վերջնական ախտորոշման համար: Իսկ մի շարք զարգացած երկրներում առանց բիոփսիայի և ճշգրիտ հյուսվածաբանական հետազոտության արդյունքների բժիշկները իրավունք չունեն ձևակերպելու քաղցկեղ ախտորոշումը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Նաիրի» բժշկական կենտրոնի ռադիոլոգ, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի ղեկավար Կոստան Գալումյանը նշում է, որ բիոփսիայի իրականացումը պարտադիր է կատարել ճառագայթային դիագնոստիկայի սարքավորումների հսկողության ներքո, որպեսզի ստանալ ճշգրիտ հյուսվացք բուն ախտահարված օջախից: Հիմնականում նպատակահարմար է այն իրականացնել համակարգչային տոմոգրաֆիայի հսկողությամբ:

Սովորաբար ախտահարված է լինում ոչ ամբողջ օրգանը, այլ նրա միայն մի հատվածը, եւ ՀՏ-ի օգնությամբ մասնագետը կարող է համոզվել, որ բիոփսիայի ժամանակ հյուսվածքներ է վերցնում հենց ախտահարված հատվածից: Այդ պատճառով ՀՏ հսկողությամբ կատարվող բիոփսիայի ախտորոշման արդյունավետությունը բարձր է 95%-ից:

Բիոփսիան իրականացվում է նաեւ սոնոգրաֆիկ հսկողությամբ, սակայն ոչ բոլոր դեպքերում է սոնոգրաֆիկ հսկողությունը ապահովում ցանկալի պահանջները բիոպսիան իրականացնելու համար:

Ինչպես նշում է Կոստան Գալումյանը, «Նաիրի» ԲԿ-ում արդեն երկու տարի է ներդրված է ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայությունը եւ կատարվում են գրեթե բոլոր օրգանների եւ արտաօրգանային ախտահարումների դիագնոստիկ միջամտություններ՝ ինչպես սոնոգրաֆիկ, այնպես էլ ԿՏ հսկողությամբ: Այս ընթացքում արդեն կատարվել է 300-ի մոտ բիոփսիա, որոնք օգնել են հիվանդների ճիշտ ախտորոշում կատարել եւ ընտրել առավել արդյունավետ բուժում:

Բժշկական կենտրոնում բիոփսիա կատարելիս օգտագործվում է անգիոգրաֆիկ ռեժիմ ունեցող մուլտիպարուրաձեւ համակարգչային տոմոգրաֆ, որը մինչ օրս երկրում համարվում է լավագույնը:

Սարքավորումը թույլ է տալիս ախտորոշել եւ գնահատել բուժման արդյունավետությունը` բազմաթիվ հիվանդությունների դեպքում: Դրա օգնությամբ կարելի է կատարել նաեւ կրծքի, որովայնի խոռոչի, կոնքի օրգանների անոթային համակարգի, գլխի եւ պարանոցի անոթների հետազոտությունների լայն շրջանակ:

Սրտաբանության մեջ կոմպյուտերային տոմոգրաֆիայի դերը նույնպես չի կարելի թերագնահատել. դրա օգնությամբ կարելի է հետազոտել կորոնար զարկերակների վիճակը եւ դրանց անատոմիական յուրահատկությունները, գնահատել ստենտների անցանելիությունը, ինչպես նաեւ շունտերի վիճակը՝ բաց աուտոկորոնար շունտավորման ժամանակ: