Ամերիկացի գիտնականները առաջիկա մի քանի շաբաթներին կսկսեն փորձարկել Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութը: Այս մասին հայտնել է Ալերգիկ ու ինֆեկցիոն հիվանդությունների ամերիկյան ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին CBS–ին տված հարցազրույցում:

«Մենք մեծ հավանականությամբ առաջիկա մի քանի շաբաթներին կսկսենք փորձարկումների առաջին փուլը, որը ենթադրում է մասնակիցների սահմանափակ քանակ»,- պատմել է փորձագետը:

Ֆաուչին պարզաբանել է, որ խոսքը մոտ 80 կամավորների մասին է. «Մենք հետազոտություններ կանենք Վաշինգթոնի սահմաններում, որպեսզի որոշենք՝ արդյոք պատվաստանյութը անվտանգ է»,- պարզաբանել է մասնագետը:

Հետազոտությունների նպատակն է լինելու պատվաստանյութի կիրառման հետեւանքների վերաբերյալ գիտնականների կանխատեսումների ստուգումը: «Դա մի քանի ամիս է տեւելու: Այսպիսով, եթե ամեն ինչ լավ անցնի, մինչեւ 2017-ի սկիզբը մենք կսկսենք ստուգել պատվաստանյութի արդյունավետությունը»,- ամփոփել է նա:

Ֆաուչին հայտնել է, որ ԱՄՆ մայրցամաքային մասում ակնկալում է Զիկա վիրուսի փոխանցման դեպքերի թվի աճ: «Գրեթե հաստատ մեր երկրում վիրուսի փոխանցման առանձին դեպքերի քանակը կաճի: Ես չեմ կարծում, թե դրանց քանակը կանգ կառնի չորսի վրա, բայց նաեւ չեմ կարծում, թե մենք գործ կունենանք երկրում հիվանդության լայն տարածման հետ»,- պարզաբանել է նա: Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտնել էին, որ Ֆլորիդայի չորս բնակիչներ, որոնց մոտ ախտորոշված է Զիկա վիրուսը, վարակվել էին դրանով, երբ Մայամիից հյուսիս մի փոքրիկ տարածք էին այցելել: