Թոքի քաղցկեղի` քաղցկեղի Հայաստանում առավել տարածված  տեսակի կանխարգելման գործում կարեւորագույն դեր են խաղում առաջնային օղակի մասնագետները: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայաստանի հակաքաղցկեղային լիգայի» ներկայացուցիչ Գրիգոր Բադալյանը:

Նրա խոսքով, ընտանեկան բժիշկները եւ պոլիկլինիկաների մասնագետները հաճախ տեսնում են դեռեւս առողջ հիվանդին եւ կարող են նրան օգնել պահպանել առողջությունը` նրան բացատրելով, թե ինչ կարեւոր է առողջ կենսակերպ վարելը եւ թե ինչ է պետք անել քաղցկեղի կանխարգելման համար ընդհանուր առմամբ եւ թոքերի քաղցկեղի մասնավորապես:  Ուռուցքաբանները, ճառագայթաբանները, քիմիաթերապեւտները եւ այլ մասնագետներ աշխատում են հիվանդների հետ, որոնց մոտ խնդիր են հայտնաբերել, այդ պատճառով նրանց խնդիրը քաղցկեղի բուժումն է, ոչ թե կանխարգելումը:  

Այսօր մեկնարկած «Թոքերի քաղցկեղի այժմեական խնդիրներ» գիտաժողովն առաջին հերթին կարեւոր է առաջնային օղակի մասնագետների համար, նշել է Գրիգոր Բադալյանը` գիտաժողովի կազմակերպիչներից մեկը. գիտաժողովին բոլոր մասնագետները կարող են ծանոթանալ թոքերի քաղցկեղի  ախտորոշման եւ բուժման, ինչպես նաեւ դրա կանխարգելման ոլորտում բոլոր նորություններին: Համաժողովին մասնակցում են նաեւ քիմիաթերապեւտներ, ճառագայթաբաններ, ուռուցքաբաններ շրջաններից: 

Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի հակաքաղցկեղային լիգայի կողմից, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի, Ճառագայթաբանների ասոցիացիայի օգնությամբ եւ Առողջապահության նախարարության եւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի աջակցությամբ: 

Գիտաժողովն ընթանում է թոքերի քաղցկեղի դեմ պայքարի օրերի շրջանակում, որոնք նվիրված են Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան, որը նշվում է այսօր` օգոստոսի 1-ին: Օրերի շրջանակում ռիսկի խմբի մեջ մտնող մարդիկ կկարողանան կրծքավանդակի անվճար ռենտգեն անցնել քաղցկեղը եւ այլ պաթոլոգիաներ ժամանակին ի հայտ բերելու համար:  

Օգոստոսի 2-ին եւ 3-ին թոքերի անվճար ռենտգեն անցնելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել  (մինչեւ օգոստոսի 1-ի աշխատանքային օրվա ավարտը) զանգելով հետեւյալ հեռախոսահամարով. 010 287120, 091 525861:

Գրիգոր Բադալյանը նշել է, որ այս պահին արդեն մոտ 30 հիվանդ է գրանցված: