Հիդրոգելային հակաուռուցքային սպեղանին կարող է այլընտրանք դառնալ քաղցկեղի բուժման գործում օգտագործվող այլ միջոցներին: Առայժմ այն փորձարկվել է միայն մկների վրա, բայց հեղինակները կարծում են, որ այն արդյունավետորեն կհաղթահարի նաեւ տղամարդու մոտ չարորակ նորագոյացությունները:
Միջոցի ստեղծողներն առավելագույն հաջողություններ են արձանագրել հաստ աղիքի քաղցկեղի բուժման գործում: Ուռուցքի նման տեսակի դեմ պայքարում բժիշկները դժվարությունների են բախվում. բավականին բարդ է ամբողջությամբ հեռացնել ուռուցքը եւ վիրաբույժները ոչ միշտ են վստահ, որ իրենց հաջողվել է դա: Այդ դեպքում կարող է լուծում դառնալ դեղամիջոցներով հիդրոգելային սպեղանին:
Այն անհրաժեշտ է տեղադրել այնտեղ, որտեղ գտնվում էր ուռուցքը. դեղամիջոցները կազդեն քաղցկեղային բջիջների վրա` ոչնչացնելով դրանք: Սպեղանին կփոխարինի քիմիաթերապեւտիկ բուժմանը, կարծում են ստեղծողները:
Նատալի Արցը (Natalie Artz) պարզաբանել է, որ հաստ աղիքի քաղցկեղով տառապող մկների վրա փորձարկումները հաջող են անցել. որոշ դեպքերում սպեղանին օգնել է ուռուցքն ամբողջությամբ վերացնել առանց վիրահատության եւ դրա վիրահատական հեռացման կարիք չի եղել: Իսկ այն դեպքում, երբ սպեղանի չի օգտագործվել, ուռուցքի կրկնակի առաջացման հավանականությունը 40 տոկոս է կազմել:
Նախ սպեղանին ոսկուց նանոառանցքներ է արտազատում, որոնք անհրաժեշտ են ուռուցքի ջերմային ոչնչացման համար: Հետո քաղցկեղային բջիջների վրա ազդում են քիմիաթերապեւտիկ դեղամիջոցները, որոնք գտնվում են նանոառանցքների ներսում: Եվ վերջապես սկսում են ազդել ոսկե նանոմասնիկները, որոնք գենային թերապիայի համար ՌՆԹ զոնդեր են պարունակում. դրանք ակտիվացնում են այն գենը, որում մուտացիան հենց հաստ աղիքի քաղցկեղի զարգացում է հրահրել: Սպեղանին հեռացնելու կարիք չկա. ժամանակի հետ այն տաքանալով ինքնուրույն ներծծվում է:
Մոտ ժամանակներս սպեղանին կփորձարկվի ավելի խոշոր կենդանիների վրա, իսկ եթե փորձարկումները հաջող անցնեն, հետազոտողներն այն կփորձարկեն նաեւ մարդկանց վրա:






