Ամեն տարի օգոստոսի 1-7-ը նշվում է Կրծքով սնուցման համաշխարհային շաբաթը` նպատակ ունենալով խրախուսել կրծքով սնուցումը եւ բարելավել երեխաների առողջությունն ամբողջ աշխարհում:

Կրծքով սնուցման համաշխարհային շաբաթը նշվում է ԱՀԿ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջեւ 1990 թվականի օգոստոսին ստորագրված Իննոսենտիի հռչակագրով, որն ուղղված էր խրախուսելու եւ աջակցելու կրծքով սնուցմանը:

Կրծքով սնուցումը լավագույն եղանակն է` կրծքահասակ երեխաներին ապահովելու բոլոր այն սննդարար նյութերով, որի կարիքը նրանք ունեն: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս բացառապես կրծքով կերակրել երեխաներին մինչեւ 6 ամսական հասակը, որից հետո կարելի է ավելացնել նաեւ արհեստական կաթնախառնուրդներ` միաժամանակ շարունակելով կրծքով սնուցումը մինչեւ երեխայի 2 տարեկան դառնալը:

Այս տարի, կրծքով սնուցման համաշխարհային շաբաթվա շրջանակներում միջոցառումներն իրականացվում են «Խրախուսենք մայրերին կրծքով կերակրել երեխաներին ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում» կարգախոսով` նպատակ ունենալով ցույց տալու, որ հասարակությունը եւս կարեւորում է կրծքով սնուցումը եւ աջակցում:

Հայաստանում երեխաների առողջության պահպանման ոլորտում պետական քաղաքականությունն ամբողջությամբ ուղղված է կրծքով կերակրման խրախուսմանը: Նշենք, որ 2014 թվականին ընդունվեց «Երեխաներին կրծքով սնուցման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՕ-177-Ն օրենքը, որով կանոնակարգվել են մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության, պիտակավորման, վաճառքի, գովազդի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ կրծքով սնուցման խրախուսման ոլորտում լիազոր մարմնի, առողջապահական կազմակերպությունների եւ բուժաշխատողների պարտականությունները:

Միաժամանակ, նշենք, որ 2015 թվականի վերջում ընդունվել է կրծքով սնուցման ազգային ծրագիրը եւ 2016-2020թթ. գործողությունների պլանը, որում սահմանված են ուղենիշներ եւ բազմաթիվ միջոցառումներ, որոնք ուղղված են այս ոլորտում բուժաշխատողների կրթմանը, մայրերի իրազեկման բարձրացմանը, առողջապահական կազմակերպություններում նորածիններն բարյացակամ ծառայությունների ընդլայնմանը, կերակրող մայրերի եւ նրանց երեխաների համար նախատեսված նպաստավոր պայմանների ստեղծմանը, մոնիտորինգի բարելավմանը: