Յամալում 75 տարվա ընթացքում առաջին անգամ սիբիրյան խոցի համաճարակ է սկսվել.   12-ամյա անչափահասը մահացել է այդ հիվանդությունից, իսկ  90 մարդու սիբիրյան խոցի օջախից տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:  Այդ մասին հայտնում է ՅՆԻՄ-ի նահանգապետի մամուլի ծառայության ղեկավար Նադեժդա Նոսկովան: 

Հաղորդագրության համաձայն, խոցի տվյալ տեսակը ախտորոշելը դժվար է, այդ պատճառով ծայրաստիճան բարդ է եղել երեխային օգնության տրամադրումը: 

«Մենք հենց առաջին օրվանից ապահովագրեցինք մեզ, արեցինք ամեն հնարավորը փորձանքի մեջ հայտնված յուրաքանչյուր մարդու կյանքը պահպանելու համար:  Բայց վարակը ցույց տվեց իր նենգությունը: 75 տարի անց վերադառնալով` նա երեխայի կյանք խլեց», — ասել է ՅՆԻՄ-ի նահանգապետ Դմիտրի Կոբիլկինը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: 

Շրջանի ղեկավարը նաեւ հրահանգել է մահացած երեխային օգնության տրամադրման մանրազնին` րոպե առ րոպե հետաքննություն իրականացնել ծնողներին հոգեբանական եւ այլ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար: 

Նշենք, որ Յամալում սիբիրյան խոցից եղջերուների զանգվածային մահացության մասին հայտնի էր դարձել դեռեւս անցյալ շաբաթ. ավելի քան 2300 կենդանի է մահացել, Յամալի շրջանում կարանտին է մտցվել: Եղջերապահների կայանից ավելի քան  160 մարդ են տարհանել, այդ թվում` ավելի քան 90 երեխայի: Երեկ` օգոստոսի 1-ին ՅՆԻՄ-ի իշխանությունները հայտնել են, որ «սիբիրյան խոց» նախնական ախտորոշումը հաստատվել է 8 մարդու մոտ, այդ թվում նաեւ` երեք երեխայի, որոնցից մեկը մահացել է:

ՅՆԻՄ-ի իշխանությունների տվյալների համաձայն, եղջերուների վարակման պատճառ է դարձել Հեռավոր Հյուսիսի համար անսովոր տաք  ամառը. մեկ ամսվա ընթացքում Յամալում անոմալ շոգ է եղել` մինչեւ  35 աստիճան ըստ Ցելսիուսի: