Միացյալ Ազգերի Կազմակերպությունը հանդես է եկել «բրելֆիների» («brelfie») օգտին` այն կանանց սելֆիների, որոնք իրենց երեխաներին կրծքով են կերակրում: Բրելֆիների եւ կրծքով կերակրման խնդիրները քննարկվել են Ժնեւում տեղի ունեցած ճեպազրույցին, հայտնում է Reuters-ը:
Բրելֆիների հրապարակումը հանրային վայրերում կրծքով կերակրման խարանման դեմ պայքարի լավ միջոց է, բացի այդ, այդ լուսանկարները հիշեցնում են երեխայի համար մայրական կաթի կարեւորության մասին, կարծում են ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
«Հաստատապես անհրաժեշտ է խրախուսել դա (բրելֆիների հրապարակման միտումը)»,- հայտնել է ՄԱԿ-ի ստորաբաժանման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի քարտուղար Ֆադելա Չաիբը:
«ՄԱԿ-ը ցանկանում է մարդկանց ստիպել, որ խոսեն այդ թեմայով` բարելավելու ամբողջ աշխարհում երեխաների կերակրման հետ կապված իրավիճակը,-իր հերթին նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի մամուլի քարտուղար Քրիստոֆ Բուլերակը: Այն ամենը, ինչ հնարավոր է անել, պետք է արվի: Դա հրաշալի հնարավորություն է»:
Վերջերս ինստագրամում ՅՈՒՆԻՍԵՖ-ի էջում հայտնվել է իր գրեթե երկու տարեկան երեխային կրծքով կերակրող նեպալցի կնոջ լուսանկար: Հիմնադրամի ներկայացուցիչները դրանով հիշեցրել են Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթի մասին, որի նպատակն է կանանց տեղեկացնել երեխայի առողջության համար կրծքի կաթի օգտակարության մասին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն, մոտ 77 մլն նորածին, այսինքն աշխարհի երեխաների գրեթե կեսը ծննդից հետո մեկ ժամվա ընթացքում մայրական կաթ չի ստանում: Դա նրանց զրկում է անհրաժեշտ սննդանյութերից եւ հիվանդությունների դեմ պաշտպանությունից:
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս մինչեւ վեց ամսականը երեխաներին բացառապես կրծքով կերակրել, իսկ հետո` դա համատեղել լրացուցիչ սննդի հետ:






