Սիբիրյան խոցի հարուցիչ բակտերիա է հայտնաբերվել Յամալի  23 բնակչի մոտ: Այդ մասին հայտնել է շրջանի մամուլի քարտուղար Նատալիա Խլոպունովան` վկայակոչելով Ռուսաստանի Առողջապահության նախարարության ղեկավար Վերոնիկա Սկվորցովային: 

«ՌԴ Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան երեկ տեղեկություն է հայտնել, ըստ որի, սիբիրյան խոցի հարուցիչ է հայտնաբերվել  23 մարդու մոտ», - օգոստոսի 3-ին հայտնել է Խլոպունովան:

Հիվանդության դեմ պայքարի համար գործի են դրվել ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության բանակային ստորաբաժանումներ, նրանք այրում են եղջերուների մնացորդները:  Անցած օրվա ընթացքում ավելի քան 100 մնացորդ է այրվել, Ինտերֆաքսին հայտնել է ԿՌՕ-ի զորքի հրամանատարի տեղակալ Յարոսլավ Ռոշչուպկինը: 

Life–ը հայտնում է, որ Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան օգոստոսի 3-ին ժամանել է սիբիրյան խոցի օջախ Յամալա-Նենեցական ինքնավար մարզում, որպեսզի ստուգի  «անվտանգության գոտու» վիճակը:

Օջախի սահմանին 10 սանիտարական կետ է կազմակերպվել, որտեղ մարդիկ կարող են բժշկական մշակում անցնել: Ինքը` նախարարը հիվանդների զննումից հետո հակաբիոտիկներով քիմիաթերապիա կանցնի, որովհետեւ նրան չեն պատվաստել վտանգավոր հիվանդության դեմ:  

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Ռոսսելխոզնադզորի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Վլասովը հայտնել է, որ ուշ ախտորոշումը Յամալա-Նենեցական ինքնավար մարզում (ՅՆԻՄ) սիբիրյան խոցի բռնկման պատճառներից մեկն է դարձել:  

«Տեղացի անասնաբույժները սիբիրյան խոցի համաճարակաբանության մասին իմացել են հիվանդության սկսվելուց մոտավորապես հինգ շաբաթ անց: Եղջերապահները կապի միջոցներ չունեն եւ նրանցից մեկը, կենդանիների մահացության մասին հայտնելու համար, չորս օր ոտքով քայլել է տունդրայով », - ասել է Վլասովը:  

Օգոստոսի 2-ին Առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային մասնագետ Իրինա Շեստակովան հայտնել է, որ հիվանդությանը ենթակա մարդկանց թիվը    20-ի է հասել (հիվանդների մեջ ութ երեխա կա):

Յամալում համաճարակը սկսվել է հունիս-հուլիսին` եղջերուների մահացությամբ եւ անոմալ տաք եղանակից: Մասնագետների կարծիքով, անասունների թաղման սառած վայրերը հալվել են եւ կենդանիների մնացորդներում պարունակվող սիբիրյան խոցի բակտերիան դարձյալ ակտիվացել է: 

Նախօրեին շրջանի ղեկավարությունից հայտնել են, որ շրջանի` ամբուլատոր դիտարկման համար հիվանդանոց տեղափոխված բնակիչների թիվը հասել է 90 մարդու: Երկուշաբթի վարակված երեխաներից մեկը` 12 տարեկան երեխա, մահացել է: