Յամալում վերջին 75 տարվա ընթացքում առաջին անգամ սիբիրյան խոցի բռնկում է գրանցվել. ավելի քան 2000 եղջերու է սատկել, հիվանդության հարուցիչ բակտերիան հայտնաբերվել է Յամալի 23 բնակչի մոտ, 90 մարդ հիվանդանոց է տեղափոխվել եւ հետազոտվում է, մեկ անչափահաս մահացել է: Այս բռնկումը որքանո՞վ է վտանգավոր Հայաստանի համար: Կարո՞ղ է հիվանդությունն այստեղ տեղափոխվել: 

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի շնչառական վարակների համաճարակաբանության բաժանմունքի պետ Լիանա Թորոսյանն ասել է, որ հիվանդությունը տեսականորեն կարող է դուրս գալ Յամալի սահմաններից եւ տարածվել այլ շրջաններում կամ նույնիսկ երկրներում, եթե այնտեղ հայտնվի վարակված կենդանու միս կամ կաշի:  Սակայն Ռուսաստանի պատասխանատու անձինք պետք է դա թույլ չտան. ցանկացած վայրում, որտեղ սիբիրյան խոցի դեպք է արձանագրվում, սովորաբար վերահսկողությունն ուժեղացնում են, կարանտին են մտցնում եւ հիվանդության տարածումը կանխելու համար այլ անհրաժեշտ միջոցներ են ձեռք առնում: 

Սիբիրյան խոցի տարածման առավել տարածված ուղին վարակված կենդանու, նրա մսի, կաշվի կամ արտաթորանքների հետ շփումն է: Հենց այդ պատճառով, նշել է մասնագետը, վարակված միսը չպետք է խոհանոց հասնի եւ առավել եւս` արտահանվի: Այն պետք է ոչնչացվի անվտանգության բոլոր միջոցներին հետեւելով: 

Բարդությունն այն է, որ սիբիրյան խոցի հարուցիչը կարողանում է պատիճավորվել եւ հողի մեջ կարող է «գոյատեւել» մինչեւ 100 տարի, իսկ հետո, հայտնվելով համապատասխան միջավայրում, բակտերիան կարող է ակտիվանալ եւ հիվանդության զարգացման հանգեցնել:  Հենց այդ պատճառով գոյություն ունեն հատուկ պահանջներ այն բանի վերաբերյալ, թե ինչպես  պետք է ոչնչացվի վարակված կենդանին եւ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում հիվանդության տարածումը կանխելու համար անհրաժեշտ է հետեւել այդ կանոններին: 

Մասնագետը հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանում սիբիրյան խոցի 2 դեպք է գրանցվել. երկու հիվանդն էլ Վրաստանից էին եկել: Հիվանդությունը շատ արագ է հայտնաբերվել նրանց մոտ եւ նրանց բուժման են ուղարկել, իսկ նրանց մասին տեղեկությունը փոխանցել են Վրաստանում գործընկերներին:  

Հազիվ թե արժե վախենալ, որ Ռուսաստանից Հայաստան կգա վարակված մարդ եւ այստեղ կտարածի հիվանդությունը, հավելել է մասնագետը:  Հիվանդության մաշկային ձեւը մարդուց մարդուն չի փոխանցվում, իսկ աղիքային ձեւի դեպքում  (երբ հիվանդի արտադրությունները եւ արտաթորանքները կարող են վարակիչ լինել) հիվանդն իրեն շատ վատ է զգում եւ ստացիոնար բուժում է ստանում. նա ի վիճակի չի լինում ճամփորդել: