Անբուժելի հիվանդ ռուսաստանցի Վալերի Սպիրիդոնովը, որի գլուխն առաջին անգամ նախատեսված է փոխպատվաստել դոնորի մարմնին, հայտնել է, որ սեպտեմբերին կհրապարակվեն այդ անսովոր վիրահատության մանրամասները:
Վիրահատության ճշգրիտ ամսաթիվը եւ անցկացման վայրը դեռեւս չեն ընտրվել, բայց գլխի` աշխարհում առաջին փոխպատվաստումը նախատեսված է իրականացնել 2017 թվի դեկտեմբերին, հայտնում է The Daily Mail-ը:
Սպիրիդոնովը մամուլի ասուլիսին հայտնել է, որ իտալացի վիրաբույժ Սերջիո Կանավերոն, որին «բժիշկ Ֆրանկենշտեյն» են կոչում, շուտով նոր մանրամասներ կհաղորդի:
«Ես շարունակում եմ երկխոսությունը Կանավերոյի հետ, մենք տեղեկություններ ենք փոխանակում եւ որքան ինձ հայտնի է, նա այս տարվա սեպտեմբերի համար նորությունների խմբաքանակ է նախապատրաստում», - հայտնել է Սպիրիդոնովը:
Ռուսաստանցին տառապում է Վերդինգ-Հոֆմանի համախտանիշով: Նման հիվանդների համար դժվար է տեղաշարժվելը, շնչելը, կլլողական շարժումներ անելը: Սպիրիդոնովի վիճակն օրեցօր վատանում է, եւ նա ավելի վաղ մեր պարբերականին հայտնել էր, որ ուզում է օգտվել նոր մարմին ստանալու հնարավորությունից ավելի շուտ, քան հիվանդությունը կսպանի իրեն:
Կօգտագործվի որեւէ դոնորի մարմինը, որի մոտ ուղեղի մահ արձանագրված կլինի, բայց հայտնաբերված չեն լինի լուրջ հիվանդություններ: Վիրահատությունը 36 ժամ կտեւի, այն կարող է իրականացվել աշխարհի ամենաառաջատար վիրահատարաններից մեկում միայն եւ նախնական տվյալների համաձայն, 14 մլն ֆունտ կարժենա: Կանավերոն հավաստիացնում է, որ բոլոր անհրաժեշտ մեթոդներն արդեն մշակված են:
Անհրաժեշտ է դոնորի եւ հիվանդի գլուխները միաժամանակ կտրել նրանց ողնուղեղից` գործելով սրագույն նշտարով:
Հետո հիվանդի մարմինը կամրացնեն դոնորական մարմնին: Պոլիէթիլենգլյուկոլի օգնությամբ (Կանավերոն այն կոչում է իր «կախարդական բաղադրիչը») ողնուղեղի վերջավորություններն ասես կսոսնձեն իրար:
Մկանները եւ արյունատար անոթները կկարեն, իսկ հետո հիվանդին չորս շաբաթով արհեստական կոմայի մեջ կմտցնեն, որպեսզի նա չշարժվի, մինչեւ որ գլուխը կպնի մարմնին:
Սպիրիդոնովը մամուլի ասուլիսին նաեւ ներկայացրել է իր նախագիծը` հաշմանդամի սայլակ ավտոպիլոտով, որը կբարձրացնի չքայլող հիվանդների կյանքի որակը:
«Ես ուզում եմ առավելագույն քանակությամբ մարդկանց օգնել այնպիսի տեխնոլոգիաների օգնությամբ, որոնք կասկածներ եւ վեճեր չեն առաջացնում», - ասել է Սպիրիդոնովը:
RT-ն հայտնում է, որ Clever Chair համակարգից օգտվողը կկարողանա իր սայլակի համար նախապես սահմանել շարժման նպատակակետեր եւ հետագայում տանը տեղաշարժվել ընդամենը բարձրաձայն անվանելով դրանք կամ էլ նպատակակետի անվանումը մտցնելով սմարթֆոնում հատուկ հավելվածի մեջ: Ավտոպիլոտն ինքը կկազմի երթուղին եւ իր տիրոջը կազատի տեղափոխությունը կառավարելու անհրաժեշտությունից:





