Թասմանիայի բնակչուհին, ում անունը չեն հայտնում, դարձել է Ավստրալիայի ամենատարեց «երիտասարդ մայրիկը»: Նա իր առաջին երեխային լույս աշխարհ է բերել 63 տարեկանում: Ավելի վաղ Ավստրալիայի ամենատարեց «երիտասարդ մայրիկի» կոչումը պատկանում էր մի կնոջ, որը 60 տարեկանում էր հղիացել:

Նորածին աղջիկը լույս աշխարհ է եկել 34 շաբաթական՝ կեսարյան հատումի միջոցով: Կնոջ մասին քիչ բան է հայտնի՝ միայն այն, որ նրա ամուսինը 78 տարեկան է: Ավստրալուհին երկար տարիներ չէր կարողանում ինքնուրույն հղիանալ՝ նույնիսկ արտամարմնային բուժակարգերը չէին օգնում: Հղիանալու համար նա ստիպված է եղել օգտվել դոնորական էմբրիոնից:

Բժշկական հասարակայնությունը սակայն հավանություն չի տալիս զույգի այդ քայլին: Միանգամից մի քանի մասնագետներ ասել էին այն, ինչի մասին շատերը չէին համարձակվում խոսել: Եվ այսպես ավստրալիական բուժասոցիացիայի ղեկավար Մայքլ Գեննոնը նման տարիքում երեխա ունենալը խենթ ու եսասեր քայլ է անվանել: Մոնաշի համալսարանի պրոֆեսոր Գեբ Կովակսը, որը զբաղվում է արտամարմնային բեղմնավորման խնդիրներով, նույնպես համարում է, որ նման տարիքում հղիանալը անպատասխանատվություն է, իսկ մարդկային մարմինը նախատեսված չէ 60 տարեկանում երեխա ունենալու համար:

«Երեխային դեռ գոնե մոտ 20 տարի պետք է խնամել, դաստիարակել ու հավանականություն կա, որ մայրը ունակ չի լինի անել դա»,- շեշտել է նա:

Նշենք, որ նման պատմությունները հազվադեպ չեն վերջին տարիներին: Ոչ այնքան վաղուց հայտնի է դարձել 55-ամյա բրիտանուհու մասին, որը եռյակ էր լույս աշխարհ բերել, ու Հդկաստանի բնակչուհու մասին, որը իր առաջին երեխային 70 տարեկանում էր ունեցել: Նման դեպքեր են գրանցվել նաեւ այլ երկրներում: