«Աստղիկ» բժշկական կենտրոնում քիմիաթերապիա ստանալու ընթացքը հեշտացնելու նպատակով օգտագործում են այսպես կոչված պորտոկատներ ` հատուկ սարքեր երկարատեւ ներերակային ներարկումների համար:  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում անոթային վիրաբուժության բաժնի վարիչ Արա Ավետիսյանը պարզաբանել է, որ պորտոկատը հատուկ խցիկ է, որը ներդրվում է մաշկի տակ եւ դրա օգնությամբ մուտք է ձեռք բերվում դեպի կենտրոնական երակ: 

Նրա խոսքով, տվյալ սարքի օգնությամբ հնարավոր է լինում խուսափել այն բացասական ազդեցությունից, որ երկարատեւ ներարկումներն ունենում են անոթների վրա: 

«Մարդկանց հիմնական խումբը, որոնց պորտոկատ է տեղադրվում, ուռուցքային հիվանդներն են: Քիմիադեղամիջոցները շատ ագրեսիվ են եւ սովորական երակային ներարկումների դեպքում հաճախ ֆլեբիտներ են առաջանում, անոթներն անպետք են դառնում, ինչն ուղեկցվում է ցավերով եւ հանգեցնում է նրան, որ հիվանդն այլեւս ի վիճակի չի լինում քիմիա ստանալ», - նշել է բժիշկը:  

Իսկ պորտոկատը, նրա խոսքով, հնարավորություն է տալիս կես տարվա ընթացքում ներարկումներ ստանալ առանց անոթների վնասման սպառնալիքի:  «Այն տեղադրվում է մաշկի տակ, կրծքավանդակի դիմային պատին, անրակից քիչ ներքեւ:  Կենտրոնական երակի կամ փողերակի պունկցիա է կատարվում, կաթետերը մտցվում է մինչեւ աջ նախասիրտ:  Խցիկը պատրաստված է այնպիսի նյութից, որը չի վանվում օրգանիզմի կողմից  (այն տիտանով է պատված): Վերեւից այն ծածկված է թաղանթով, որով մտցվում է ասեղը, հասնում է հետին պատին, խցիկի մեջ դեղամիջոց է ներարկվում, որն այդտեղից գնում է երակի մեջ», - պատմել է բժիշկը` նշելով, որ այդ պրոցեդուրան ավելի հեշտ է, քան ներմկանային ներարկումը: 

Արա Ավետիսյանը նաեւ նշել է, որ երակը մտցվող կաթետերը շատ ճկուն է, այն հնարավոր է ճկել ինչպես ասես եւ նույնիսկ կապել, բայց դրա բացվածքն անփոփոխ է մնում: 

Բժշկի խոսքով, Հայաստանում ոչ ամենուր են պորտոկատներ կիրառվում, իսկ  «Աստղիկ» կլինիկայում այդ մեթոդը ներդրել են մի քանի ամիս առաջ: Պորտոկատներ կարելի է կիրառել ցանկացած դեղամիջոցի երկարատեւ ներարկումների համար, ոչ միայն քիմիաթերապիայի դեպքում:  Աշխարհում դրանք օգտագործվում են նաեւ ներզարկերակային ներարկումների դեպքում, բայց Հայաստանում առայժմ նման փորձ չկա: Թեպետ բժիշկը հույս ունի, որ այդ տեխնոլոգիան եւս մոտ ժամանակներս կներդրվի  «Աստղիկ» ԲԿ-ում:

«Աստղիկ» ԲԿ-ում պորտոկատի տեղադրումը 150 000 դրամ արժե: Հաշվի առնելով քիմիաթերապիայի արժեքը եւ տեւողությունը,  դա այնքան էլ թանկ չէ, կարծում է բժիշկը: Պորտոկատի տեղադրումը հնարավորություն է տալիս խուսափել անոթային խնդիրներից, որոնք մշտապես ի հայտ են գալիս երկարատեւ ներերակային ներարկումների դեպքում: Եվ դա հնարավորություն է տալիս քիմիաթերապիայի կուրսը ստանալ սահմանված ժամկետում, առանց հարկադրված  ընդհատումների, ինչը շատ կարեւոր է քիմիայի համար: