Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանումով բնակչության առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումը եւ առողջ ապրելակերպի խթանումը հանրային առողջապահության հիմնարար ուղղություններն են: Դրանք պահանջում են վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, դրանց բեռի, հիվանդացության եւ մահացության նվազեցմանը, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված համակարգված եւ համապարփակ գործողություններ: Այս առումով առանցքային է բնակչության իրազեկվածությունը հանրային առողջապահության առկա վտանգների եւ դրանց կանխարգելման հնարավորությունների մասին։ Ռիսկի գործոնների բացասական ազդեցության եւ դրանց նվազեցման, ինչպես նաեւ վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին տեղեկացվածությունը կարող է նպաստել սեփական առողջության նկատմամբ անձի պատասխանատվության բարձրացմանը։

Այսօր մեր երկրում շարունակում է առողջապահական լուրջ խնդիր մնալ ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված բարձր հիվանդացությունը եւ այդ հիվանդություններից մահացությունը։ Հայաստանում հասուն տարիքի տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխախոտ օգտագործող է։

Ծխելը վտանգավոր կախվածություն է, ինչը շատերը լրջորեն չեն գիտակցում

Այդ չարիքից ազատվելու համար պետք է ջանքեր գործադրել։ Ծխելն բացասական մեծ ներգործություն է ունենում մարդու օրգանիզմի վրա եւ մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսանում։ Նշենք դրանցից մի քանիսը։

1. Շնչառական համակարգ

Ծխախոտի երկարատեւ օգտագործումն առաջացնում է վերին շնչուղիների լորձաթաղանթի գրգռում եւ բորբոքում, որի պատճառով առաջանում է հազ, խորխարտադրություն, մի շարք քրոնիկ հիվանդություններ: Ծխախոտի ծուխը շնչառական ուղիների հիվանդություններ առաջացնում է ոչ միայն ծխողների, այլր նրանց շրջապատող մաեւդկանց մոտ, որոնք համարվում են պասիվ ծխողներ:

2. Սրտանոթային համակարգ

Յուրաքանչյուր ծխախոտից հետո ավելանում են արյան սիստոլիկ եւ դիաստոլիկ ճնշումները, հաճախանում է սրտի զարկերի թիվը, առաջանում է ծայրամասային անոթների նեղացում:

Ծխախոտի ծխի մեջ պարունակվող ածխածնի օքսիդը կապվում է հեմոգլոբինի հետ՝ առաջացնելով թթվածնային քաղց: Ծխելը հանգեցնում է արյան մեջ խոլեստիրինի մակարդակի, պլազմայում՝ հագեցած ճարպերի մակարդակների բարձրացմանը: Այս ամենը կարող է հանգեցնել ծայրամասային անոթների աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ հիվանդությունների, հանկարծամահության:

3. Օնկոլոգիական հիվանդություններ

Ծխախոտի ծուխը պարունակում է երեք խմբի քաղցկեղածին նյութեր (հոտավետ պոլիցիկլային ածխաջրածիններ, նիտրոզամիններ, ռադիոակտիվ տարրեր): Ծխախոտի օգտագործումը բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, շնչափողի, բրոնխների եւ թոքերի չարորակ գոյացությունների առաջացման հիմնական պատճառն է համարվում: Ծխելու եւ ալկոհոլի օգտագործման/չարաշահման համադրությունը մեծացնում է կերակրափողի եւ ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկը: Բացի այդ, ապացուցված է ծխախոտի օգտագործման եւ միզապարկի քաղցկեղի առաջացման միջեւ կապը:

4. Այլ կլինիկական հետեւանքներ

Ծխելը բացասաբար է ազդում արտաքին տեսքի վրա: Ծուխը եւ դրանում պարունակվող քիմիկատները կարող են նպաստել քրոնիկ շլության, մաշկի չորության կամ գրգռվածության առաջացմանը:

Ծխելը նաեւ վնաս է հասցնում կոլագեն եւ էլաստինին նյութերին, որոնք կարեւոր են մաշկի առձգականության պահպանման համար: Ծխախոտ օգտագործող հղին իրեն ենթարկում է հնարավոր վիժման, մեռելածնության կամ ցածր քաշով երեխա ունենալու մեծ ռիսկի: