Մարտի 8-ից ապրիլի 7-ն իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով «Բաց դռներ» են կազմակերպվել Կոտայքի մարզի Հրազդանի և Չարենցավանի բժշկական կենտրոններում, նաև Վայոց Ձորում։ Ամենուր մայրաքաղաքից մեկնած մասնագետներին մեծ թվով կանայք են դիմել։ Այս մասին ասվել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ , NEWS.am Medicine-ին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվական ծառայությունից։
Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուները նախարարին ներկայացրեցին նաեւ մարզային ենթակայության բուժհաստատությունների ֆինանսական եւ բուժական կարեւոր ցուցանիշները, առկա խնդիրները։
Դերենիկ Դումանյանը հիշեցրեց, որ առաջին եռամսյակից հետո բուժհաստատությունների ֆինանսավորումն իրականացվելու է կատարված ծառայությունների հաշվետվությունների հիման վրա։
«Սա նշանակում է, որ ձեր բարեխիղճ աշխատանքից է կախված բուժաշխատողների աշխատավարձերի ժամանակին հատկացումը»,-ասաց նախարարը` հանձնարարելով հատուկ ուսուցում կազմակերպել գործընթացը սահուն ներդնելու նպատակով։
Սյունիքի մարզի առողջապահության վարչության պետին Դերենիկ Դումանյանը պարտավորեցրեց հսկողության տակ պահել Մեղրու եւ Կապանի բժշկական կենտրոնների շինարարության ընթացքը։
Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացավ նաև ՀՀ առողջապահության նախարարին կից հերթական կոլեգիայի նիստը։ Քննարկվեցին շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի ներդրման արդյունքները և ներկա վիճակը։ Ընդունվեց համապատասխան որոշում։






