Սիեթլի (Վաշինգթոն նահանգ) բնակչուհու համար ձիաֆերմա այցն ունեցել է մահվան ելք: Կինը մահացել է այն բանից հետո, երբ ձիերից մեկից վարակվել է վնասակար բացիլով, նշված է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանարգելման կենտրոնի շաբաթական հաշվետվության մեջ:
Փետրվարի 21-ին 71-ամյա կինն այցելել էր դստերը, որն աշխատում է ձիաֆերմայում: Կենդանիներից մեկի մոտ նկատելի էր քթից եւ աչքերից արտահոսք: Տարեց ամերիկուհին դստեր հետ ամբողջ շաբաթ խնամել է հիվանդ ձիուն: Նրան հակաբիոտիկներով էին բուժում, որից հետո ձին ապաքինվել է: Որոշ ժամանակ անց կնոջ մոտ երեւան են եկել ցավեր կոկորդում եւ հազ: Տհաճ զգացողությունը վերագրվել է մրսածությանը: Մարտի 2-ին կնոջ մոտ ուժեղ սրտխառնուք եւ փորլուծ է սկսվել, սակայն ժամանած բժիշկները նրան արդեն անգիտակից վիճակում են գտել: Մարտի 3-ին նա վախճանվել է հիվանդանոցում:
Հիվանդ ձիու քթի լորձից նմուշ, դստեր կոկորդից քսուք եւ մոր արյան անալիզ վերցնելով՝ բժիշկները հայտնաբերել են Streptococcus zooepidemicus բացիլը: Ի տարբերություն ընտանի կենդանիների, մարդկանց շրջանում S. Zooepidemicus-ի բացիլային վարակի դեպքերը բավական հազվադեպ են, հայտնել են բժիշկները: Բացիլով վարակվելու նրանց հայտնի պատճառներից մեկը չպաստերիզացված կաթի մեջ բացիլի հայտնվելն է: Բժիշկների կարծիքով՝ մահացած կնոջ հիվանդագին վիճակը կարող էր խորացնել տարիքը:






