Փաստը՝ զույգն օրինական, թե քաղաքացիական ամուսնությամբ է միասին ապրում, ոչ մի կերպ չի ազդում ամուսնալուծությունների թվի վրա, պնդում է ամերիկացի սոցիոլագ Արիել Քուփերբերգը Հյուսիսային Քարոլինայի համալսարանից: Երկու դեպքում էլ բաժանությունների թիվը գործնականում նույնն է, պնդում է նա:
Չնայած մեր ժամանակներում քաղաքացիական ամուսնությունը շատ տարածված է, 1970-ականներին հետազոտողները կարծում էին, որ անօրինական հարաբերությունները այդքան ընդունելի չեն, որքան անձնագրի կնիքը:
Իր հետազոտության համար Քուփերբերգն օգտագործել է ԱՄՆ կառավարության 1995, 2002 եւ 2006թթ. վիճակագրության տվյալները: Նա տեղեկություններ է հավաքել ավելի քան 7 000 մարդու մասին, որոնք ամուսնացած են եղել նվազագույնը մեկ անգամ, ներառյալ՝ քաղաքացիական միությունը, եւ ուսումնասիրել է նրանց բաժանության պատճառները, հայտնում է Fox News-ը:
Սոցիոլոգը կապ չի գտել քաղաքացիական ամուսնության եւ բաժանության միջեւ: Զուգընկերոջ հետ համատեղ ապրելու միջին տարիքը եղել է 23-ը, ասում է Քուփերբերգը:
Մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տվել, որ քաղաքացիական ամուսնությունն իր բացասական կողմերն ունի: Քորնելի համալսարանի սոցիոլոգ Շարոն Սասսլերն ԱՄՆ-ում քաղաքացիական ամուսնության մասին իր գրքի համար հարցում է անցկացրել ավելի քան 150 մարդու շրջանում:
Սասսլերը պարզել է, որ բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց մեծ մասը սկսում է միասին ապրել միայն երկար ժամանակ իրար ճանաչելուց հետո: Նրանց կեսից ավելին մեկ տարի հանդիպել են նախքան միասին ապրելը: Քաղաքացիական ամուսնությամբ ապրողների կեսից ավելին, որոնք բարձրագույն կրթություն չեն ունեցել, միասին են ապրել առաջին հանդիպումից 6 ամսից էլ քիչ ժամանակ անց:






